Լրահոս

18.02.2013 10:03


Ոստիկանութայն արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ակնհայտ հերյուրանք է»

Ոստիկանութայն արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ակնհայտ հերյուրանք է»

Համացանցային կայքերում տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում կատարված գրառումը, համաձայն որի` ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երևան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից:
 ՀՀ ոստիկանությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ համացանցում տարածված  տեղեկատվությունն ակնհայտ հերյուրանք է:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես ՀՀ ընտրողների ռեգիստրը վարող մարմին, հավաստիացնում է, որ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները քննարկվել և որոշումները կայացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջների հստակ պահպանմամբ: Ընդ որում, այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված ընտրողների թիվը կազմում է 14.285, իսկ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների ժամանակ այդ թիվը կազմել է 15.399:
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվել են բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական և լրացուցիչ ցուցակներում: 
Ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան, լիազոր մարմնի կողմից տպագրվել և տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին են հանձնվել միաժամանակ: 
Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելուն, ապա այն քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է, որը կոչված է  ապահովել քաղաքացիների ընտրական իրավունքի առավել արդյունավետ իրականացմանը,  և ոստիկանությունը որևէ իրավական ակտով իրավասու չէ սահմանափակելու այն: 
ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է զերծ մնալ չճշտված, առանց կոնկրետ փաստերի  ու  իրավական հիմնավորման   տեղեկությունների տարածումից: 
ՀՀ ոստիկանությունը  պատրաստակամ  է իր լիազորություններին  վերաբերվող  ցանկացած հարցի  վերաբերյալ  պարզաբանումներ տալու, ինչպես և  իրավախախտումները  կանխելու,  բացահայտելու   հարցերում   թեկնածուների, քաղաքացիների,  դիտորդական կազմակերպությունների հետ համագործակցելու  հարցում:

 ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը