Լրահոս

17.02.2013 13:46


Թանահատի վանքում վերջին տարիներին ոչ մի քար չի փլուզվել, չի տեղաշարժվել

Թանահատի վանքում վերջին տարիներին  ոչ մի քար չի փլուզվել, չի տեղաշարժվել

Սյունիքի մարզի Արեւիս գյուղի ձախ կողմում գտնվող Թանահատի վանք հուշարձանի պահպանությունն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության կողմից  եւ  գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում։ Այն կիսավեր վիճակում է դեռ խորհրդային ժամանակներից: Վերջին տարիներին,  ամիսներին կամ օրերին որեւէ փլուզում վանական համալիրի տարածքում չի եղել, ոչ մի քար չի տեղաշարժվել:

Տեղեկացնում ենք, որ  Թանահատի վանքի քարերը  եկեղեցու վրայից  հանվել են,  ոչ թե երեկ կամ մի քանի տարի առաջ, այլ դեռեւս խորհրդային տարիներին: Այն ժամանակ մտադրություն է եղել նորոգել վանքը: Դրանք համարակալվել են ու տեղադրվել համալիրի տարածքում, սակայն, նորոգում չի կատարվել: Ինչ վերաբերում է եկեղեցու կամարին, որին եւս անդրադարձել է «Չենք լռելու»-ն, ապա նախատեսված է եղել  եկեղեցու նորոգումից  եւ ամրակայումից  հետո, այն տեղադրել վանքի վրա: Կամարը նույնպես հանվել է ԽՍՀՄ տարիներին,  թուլացած լինելու պատճառով:

Ինչ վերաբերում է վերանորոգմանն ու ամրակայմանն, ապա անշուշտ  Թանահատի վանքը հիմնանորոգման  կարիք ունի: Տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայության կողմից  Թանահատի վանքը արդեն մի քանի տարի է ընդգրկված է հրատապ հիմնանորոգման կարիք ունեցող հուշարձանների ցանկում: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը խորհուրդ ենք տալիս զբաղվել իրապես ազգանպաստ գործունեությամբ եւ չնփտրել սենսացիա  այնտեղ, որտեղ այն չկա:

Ի դեպ, այս օրերին Թանահատի վանք տանող ճանապարհը /շուրջ 1-1,5 կիլոմետր/  անանցանելի է՝  տեղացած առատ ձյան պատճառով:

 Մարինե Ավանեսյան,  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի`հասարակայնության հետ կապերի գծով օգնական

Այս խորագրի վերջին նյութերը