Լրահոս

16.02.2013 20:42


Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

Ինչպես և բոլոր անցած ընտրություններում, իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք և կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ` իր օգտին քվեարկելու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկում են 5000-7000 դրամ գումար: Իշխող կուսակցությունը փորձում է մոտ 5 մլրդ դրամով գնել Հայաստանի քաղաքական ապագան: Դրա դիմաց նա ակնկալում է 5 տարվա մեջ եւս 5 մլրդ դոլարով ավելացնել իշխող վերնախավի ապօրինի հարստությունը: 

Միջազգային դիտորդներն իրենց ուսերին կվերցնեն շատ մեծ բարոյական և քաղաքական պատասխանատվություն, եթե պնդեն, ինչպես արեցին 2008թ., որ ընտրությունների անցկացման գործընթացը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Նման գնահատականը մեծ սեպ կխրի հայ ժողովրդի և եվրոպական ժողովրդների ընտանիքի միջև: Դա թյուր տպավորություն կստեղծի մեր հանրության մեջ, որ եվրոպական քաղաքական ուժերը ևս գալիս են իշխանության` ընտրություններում ընտրողների նկատմամբ հարկադրանքի կիրառման և ընտրակաշառքի միջոցով, ինչպես Հայաստանում: 

Մենք գտնում ենք, որ փետրվարի 18-ի քվեարկության արդյունքները չեն արտահայտի հանրության կամքը: Ուստի, այդ օրը ԿԸՀ կողմից հաղթող ճանաչված թեկնածուն իրավասու չի լինի ներկայացնել Հայաստանը միջազգային և ներքին հարաբերություններում: Մենք զգուշացնում ենք բոլոր պետություններին, որ ոչ լեգիտիմ ճանապարհով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից կատարված հայտարարությունները և կնքված միջազգային փաստաթղթերը հետագայում, երբ Հայաստանում կհաստատվի իրական ժողովրդավարություն, որևէ իրավական ուժ չեն ունենալու Հայաստանի համար: Մենք նաև տեղեկացնում ենք ՀՀ քաղաքացիներին, որ այդ անձի կողմից ընդունված կամ հաստատված իրավական ակտերը առոչինչ են իրենց ընդունման պահից:

Մենք ընտրություններից հետո կամփոփենք այս շրջանի գործողությունները և քաղաքացիական շարժման միջոցով քաղաքական նոր գործընթացի սկիզբ կդնենք Հայաստանում: Մենք համոզված ենք, որ Հայաստանում համընդհանուր քաղաքացիական անհնազանդության միջոցով քաղաքացիները հաղթանակ կտանեն քրեաօլիգարխիկ համակարգի դեմ և վերջնական ժողովրդավարություն կհաստատեն երկրում:
Անդրիաս Ղուկասյան
ՀՀ նախագահի թեկնածու

Այս խորագրի վերջին նյութերը