Հարցազրույց

16.02.2013 09:53


Ծովինար Նազարյան

Ծովինար Նազարյան

Հարցազրույց բանակում զոհված սպա Արտակ Նազարյանի քույր Ծովինար Նազարյանի հետ

–Իր նախընտրական ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ուզում եմ իմանաք՝ իմ հոգու մի մասնիկը ճամփա է ընկել յուրաքանչյուր զոհված զինվորի հետ, ես տասնյակ մահերով եմ մահացել մեր որդիների հետ և կրկին վերածնվել՝ կյանքեր փրկելու համար»։ Ինչպե՞ս եք ընդունում նրա այս հայտարարությունը»։

Սերժ Սարգսյանի բերանում այսպիսի խոսքերն ուղղակի որպես վիրավորանք են հնչում չբացահայտված հանգամանքներում զոհված զինծառայողների հիշատակի և նրանց ընտանիքների հասցեին: Սերժ Սարգսյանն է բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, և նա է անմիջական պատասխանատուն այն բանի, որ բանակում տիրում է որոշակի տեսակի «բեսպրեդելը», ինչը զինծառայողներին սպառնում է ամենօրյա նվաստացմամբ, հաճախակի բռնություններով և երբեմն՝ մահվամբ: Սերժ Սարգսյանի գլխավորած բանակում ամեն տարի տասնյակ զինծառայողներ են մահանում ոչ-մարտական պատճառներով, ու դրանք ներկայացվում են որպես ինքնասպանություններ ու դժբախտ պատահարներ, բայց ոչ սպանություններ:

–Հնարավո՞ր է արդյոք, որ երկրի գլխավոր հրամանատարը տեղյակ չլինի դրանից։

–Այդ տեսակին հովանավորում են նաև Սերժ Սարգսյանի գլխավորած իրավապահ համակարգը և նրա նշանակած դատավորները՝ կոծկելով մարդասպաններին և մյուս հանցագործներին, ահաբեկելով վկաներին, կեղծելով քրեական գործերն ու զոհվածների ընտանիքներին ստիպելով արդարություն փնտրել՝ իրենց կառուցած պատերին բախվելով տարիներ շարունակ: Ես կուզեի իմանայի, թե այդ ի՞նչ հրաշք էլիկսիրով է Սերժ Սարգսյանին հաջողվել «վերածնվել», այդ ո՞նց է հաջողեցրել նրա «հոգու մի մասնիկը» հետ դառնալ մահվան ճանապարհից, բայց ավելի շատ կուզեի իմանալ, թե ինչո՛ւ է հետ դարձել այդ ճանապարհից և «վերածնվելով»՝ քանի՛ կյանք է փրկել: Ո՞վ է այդ ցինիկը, որ գրել է նրա ելույթի տեքստը, և որտեղի՞ց Սերժին այդքան անխոհեմություն՝ չթաքցնելու սեփական ցինիզմը: Ո՞ւր են Սերժի փրկած կյանքերը... ո՞ւր են...

–Գուցե այժմ գիտակցե՞լ է մեղքի իր բաժինը։

–Եթե եղբորս մարդասպանը բացահայտվեր, Ալբերտ Ադիբեկյանը չէր զոհվի նույն Մեհրաբներում... Եթե Աղասի Աբրահամյանի մարդասպանը բացահայտվեր, Տիգրան Վարյանը չէր զոհվի նույն Եղնիկներում... Մինչդեռ այդ դեպքերը կոծկող դատախազներին ու դատավորներին նա մեդալներով է պարգևատրում: Իհարկե՝ ոչ միայն մեդալներով... Այս ամենն ինձ հուշում է, որ եթե Սերժ Սարգսյանի «հոգու մի մասնիկը յուրաքանչյուր զոհված զինվորի հետ ճամփա ընկնելիս» հետ չդառնար ճամփից ու «չվերածնվեր», բանակում զինծառայությունը արժանապատիվ ու անվտանգ դառնալու շանս կստանար... Այսքան տարիների ընթացքում նա իրեն նեղություն չտվեց մի բառ անգամ արտասանել ոչ-մարտական պայմաններում զոհվող զինվորների և բազմաթիվ այլ իրավախախտումների մասին, ու հիմա, նախընտրական շրջանում, կոկորդիլոսի արցունք է թափում: Չնայած... ի՛նչ պետք է ասեր, երբ ինքն է այս ամենի հովանավորը:

Բարձրաստիճան շատ պաշտոնյաներ բանակում արձանագրվող դժբախտ դեպքերի մասին խոսելիս արդարացնում են, թե ոչ թե զինվորական ղեկավարությունն է մեղավոր, այլ զինվոր տված ընտանիքը, դպրոցը և կամ, ընդհանրապես, հասարակությունը։ Համամի՞տ եք։

–Նախ, կուզեի այդպես հայտարարող պաշտոնյաների որդիներին տեսնել բանակում ծառայելիս, որ տեսնեինք, թե նրա՛նք ինչ դաստիարակություն են ստացել ընտանիքում, դպրոցում և իրենց հղփացած միջավայրում: Ու ոչ թե ֆիկտիվ գրանցվելով մայրաքաղաքային մի զորամասի վրա, այլ՝ ծառայելով մարտական հենակետերում, որտեղ ամենից շատ են պատահում մարտական ու ոչ-մարտական մահերը: Ես բազմիցս կրկնել եմ ու հիմա էլ եմ պնդում, որ բանակի արատների մեղավորը հենց բանակի ղեկավարությունն է՝ իր գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ: Պետությունն է ստանձնում զինծառայողի «տնօրինությունը»՝ սահմանափակելով նրա իրավունքները, և պետությունն է պատասխանատու նրա համար: 
Կա մի դրական նորություն. Բանակի օրը տված հեռուստահարցազրույցում պաշտպանության նախարարն ասաց, թե մերժում է հետևյալ երկու մոտեցումները. «Բանակը հասարակության հայելին է» և «Բոլոր բանակներում էլ կան նման դեպքեր»: Այո, բանակը հրամանով կառավարվող մարմին է, և այնտեղ շատ ավելի հեշտ է կարգուկանոն հաստատել, քան ընտանիքներում, այնպես որ սեփական մեղքը հասարակության և ընտանիքների վրա բարդելը արդարացված չէ: 

–Արդյոք բանակի ղեկավարությունը խոսքից գործի կանցնի՞:

–Խիստ կասկածում եմ՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը: Չկա այդպիսի քաղաքական կամք: Բանակը պետական գաղտնիքի քողի տակ մի ոսկեբեր երակ է դարձել նույն այդ ղեկավարության համար: Նշածս տեսակին թույլատրված է կեղեքել զինծառայողներին՝ ոչ միայն կոռուպցիոն բուրգում եկամուտների վերընթաց հոսքը ապահովելու նպատակով, այլև որպեսզի բանակի սպայական կազմը լինի երկրի քաղաքական ղեկավարության գրպանում և անհրաժեշտ պահին միջամտի ներքաղաքական իրադարձություններին, ինչպես եղավ Մարտի 1-ին և լինում է ամեն ընտրության: Այս աստիճան թաթախված լինելով բանակի արատների մեջ՝ ներկա ղեկավարությունը չի կարող և չի էլ ուզում պաշտպանված տեսնել մարդու իրավունքները բանակում:

Երբ հնարավորինս կվերանա՞ն Հայոց բանակում այսօր առկա վտանգավոր երեևույթները։

–Այն ժամանակ, երբ զինված ուժերի ներկա հրամկազմը՝ իր գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հետ հեռանա, և փոխարենը գա քաղաքական և զինվորական ղեկավարության մի նոր սերունդ, ով համարձակորեն ձեռնամուխ կլինի այնպիսի բարեփոխումների, որոնք կծառայեն մեր պետությանն ու նրա քաղաքացիներին, ոչ թե իրենց գրպանին և կուսակցական շահերին:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը