Լրահոս

15.02.2013 17:31


Վարդան Մինասյան . «Հետևելու եմ թե ակումբներին, թե առանձին ֆուտբոլիստների, նաև Ժորա Հովհաննիսյանի խաղին»

Վարդան Մինասյան . «Հետևելու եմ թե ակումբներին, թե առանձին ֆուտբոլիստների, նաև Ժորա Հովհաննիսյանի խաղին»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս օրերին Անթալիայում է, որտեղ մարզական հավաք են անցկացնում նաև հայկական 5 ակումբներ՝ «Փյունիկը», «Գանձասարը», «Շիրակը», Ուլիսը» եւ «Ալաշկերտը»: Այսօրվանից Անթալիայում  մարզական հավաք է անցկացնում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դոնեցկի «Շախտյորը»: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում Վարդան Մինասյանը խոսեց թիմերի մարզական հավաքների եւ ազգային հավաքականի թեկնածուների վերաբերյալ.
«Առայժմ դիտել եմ 3 ակումբների՝ «Փյունիկի», «Գանձասարի» եւ «Ուլիսի» մասնակցությամբ հանդիպումները: Տպավորությունը միանշանակ չէ, քանի որ նախապատրաստական փուլը դեռ չի ավարտվել, եւ թիմերն իրենց լավագույն մարզավիճակին չեն հասել: Ինչպես եւ ծրագրել էինք, հետևել ենք «Գանձասարի» ձախ պաշտպան Արթուր Ավագյանին: Տպավորությունը, ընդհանուր առմամբ, վատ չէ  եւ հնարավոր է՝ նրան հրավիրենք ազգային հավաքականի մոտակա մարզական հավաքին: Նախատեսում եմ դիտել նաև արտասահմանյան այն թիմերի հանդիպումները, որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Մասնավորապես, դիտելու եմ «Կուբանի» եւ Մոսկվայի «Դինամոյի» հանդիպումները, ինչպես նաև Տաշքենդի «Պախտակորի» մասնակցությամբ հանդիպումը, որտեղ հանդես է գալիս Ժորա Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Միխայիլ Մարկոսովին, ապա, ինչպես գիտեք, երեկ նրա թիմը՝ «Ուֆան» Կիպրոսում մրցել է «Միկայի» հետ: Իմ խնդրանքով, «Միկայի» մարզիչներն ուշադրությամբ հետևել են նրա խաղին եւ անհրաժեշտ տեղեկություններ կհաղորդեն ինձ: Սակայն նա անցկացրել է ընդամենը մեկ խաղակես, ինչը շատ քիչ է լիարժեք տպավորություն կազմելու համար, ուստի այսօր կայանալիք «Բանանց»-«Ուֆա» մրցավեճում նրան կհետևեն նաև «Բանանցի» մարզիչները»:

Այս խորագրի վերջին նյութերը