Հարցազրույց

14.02.2013 15:32


Հայկ Խանումյան

Հայկ Խանումյան

Հարցազրույց «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահ Հայկ Խանումյանի հետ

–Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում ադրբեջանական ԶՈՒի կողմից սադրանքների ավելացումը։

–Ադրբեջանական սադրանքների ավելացումը ես կապում եմ փետրվարի հինգին ադրբեջանական երկու զինվորների կորստի հետ: Տարբեր աղբյուրներ տարբեր պատճառներ են նշում դրա համար` դիվերսիայի ձախողումից մինչև ադրբեջանական բանակում տիրող բարքերը: Տավուշի մարզի ուղղությամբ կրակոցները, հայ զինվորականի սպանությունը քայլեր են, որով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ցրել իր զինվորների սպանության հետ կապված տրամադրությունները:

Ի՞նչ պետք է անել նման դեպքերը կանխելու համար։

–Նման դեպքերը կանխելու համար լավ կլինի քայլեր ձեռնարկվեն մեր զինվորների և բնակավայրերի խոցելիությունը նվազեցնելու համար: Նման առաջարկներով Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ հանդես էր եկել Վիտալի Բալասանյանը: Սա կարևոր թեմա է, որը պետք է լուրջ քննարկման և գործողությունների առարկա դառնա:

Որքանո՞վ է իրականությանը մոտ հատկապես ռուսական ԶԼՄների այն տեսակետը, թե իրավիճակը տարածաշրջանում բավական լարված է, և չի բացառվում, որ մոտակա շրջանում ղարաբաղյան պատերազմը Ադրբեջանը վերսկսի։

–Հրադադարի կնքումից հետո անընդհատ խոսվում է նոր պատերազմի մասին: Հիմա դա երևի պայմանավորված է նաև Ադրբեջանի հայտարարած զինավարժություններով: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ տեղի են ունեցել Արցախի բանակի աննախադեպ զինավարժությունները, և ես այս երկուսի մեջ էլ ոչինչ չեմ նկատում, քան սովորական բանակային առօրյա:

–Հատկապես նախընտրական քարոզարշավի կամ Հայաստանում լարված ներքաղաքական իրավիճակների ժամանակ իշխանությունների կողմից ղարաբաղյան հարցը հիշատակելու մեջ միտում չե՞ք տեսնում։ Ավելի հստակեցնեմ հարցս՝ արդյոք չե՞ն «սպառնում» հայաստանյան հասարակությանը, թե հանկարծ չբողոքեք, ներքաղաքական իրավիճակը չապակայունացնեք, թե չէ դրանից կօգտվեն ադրբեջանցիները։

–Հասարակությունը վախեցնելու ցանկություն միշտ էլ լինում է: Բայց սա արդեն 1998թ. չէ, և այսօր նման բաները չեն աշխատում: Եթե նկատի ունեք Սերժ Սարգսյանի ասածները ԼՂՀ ճանաչման վերաբերյալ, ապա պետք է նկատեմ, որ դրանք պարտվողական քաղաքականություն վարող գործչի հայտարարություններ են, ով պատրաստ չէ պատասխանատվություն վերցնի: Դրանով ոչ թե վախեցնում են հասարակությունը, այլ սեփական վախերն են հրապարակայնացնում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը