Լրահոս

14.02.2013 14:47


«Ղարաբաղ» կոմիտեի անդամը դատապարտվեց 4 տարի ազատազրկման

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը դատապարտվեց 4 տարի ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը այսօր հրապարակել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Սամսոն Ղազարյանի դատավճիռը, որի համաձայն, Ղազարյանը դատապարտվել է խարդախության համար 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, իսկ վաշխառության հոդվածով՝ 1 տարի:
Ըստ աղբյուրի՝  վաշխառության հոդվածի կապակցությամբ, դատարանը Սամսոն Ղազարյանի նկատմամբ կիրառել է անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը:
Մինչ այդ Սամսոն Ղազարյանը վերջին խոսքում ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որ այս գործով տուժող, ԳԽ պատգամավոր, Դաշնակցության խմբակցության նախկին ղեկավար Մեխակ Գաբրիելյանը, որին ինքը տվել է 120 հազար դոլար գումար, իր ցուցմունքներում ստել է, ասելով, թե ինքը իբր տոկոսով գումար է տվել: 
Ըստ Ս. Ղազարյանի՝ Գաբրիելյանի ասածները նախաքննական մարմինը հալած յուղի տեղ է դրել: Մեխակ Գաբրիելյանը շարունակ պնդել է, թե վարկ է վերցրել, մինչդեռ, ըստ Ս. Ղազարյանի՝ նա թաքցրել է իրենից վերցրած գումարները, որպեսզի բոլորին ասի, թե Ս. Ղազարյանին է տալիս: Իր վերջին խոսքում Ս. Ղազարյանն ասել է, որ սուտ ցուցմունքներ են տվել Մեխակ Գաբրիելյանի հարազատ հանդիսացող Ազատ Արշակյանը և Վարդան Հարությունյանը: Նա ասել է, որ դատարանին դիմել էր, որպեսզի Աշոտ Մանուչարյանը և Ալիկ Արզումանյանը գային դատարան, որոնք կպնդեին, թե ինչ «սուր խոսակցություն» է եղել իր և Վարդան Հարությունյանի միջև: «Ի վերջո, ե՞րբ է Մ. Գաբրիելյանը վարկ վերցրել: Այս հարցը չպարզվեց, իսկ այս հարցը կապված է նրա հետ, որ ինձնից է գումարը վերցրել, յանըմ ձեռը գումար չկա: Իմ արարքում ոչ վաշխառություն կա, ոչ էլ խարդախություն»,- ասել է Ս. Ղազարյանը:
Կայքը գրում է, որ ռեպլիկի կարգով հանդես եկած նրա պաշտպան Վարդան Զուռնաչյանը դատարանին հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում մեղադրանքում նշված 190.725 ԱՄՆ դոլար գումարը մինչև 10% հավելավճարով Ս. Ղազարյանի կողմից ստանալը: Նա խնդրել է արդարացնել Սամսոն Ղազարյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ մեղադրող Սամվել Հարությունյանը պահանջել էր 5 տարվա ազատազրկում: Ս. Ղազարյանի նկատմամբ ազատազրկումը կիրականացվի դատարանի վճիռը օրինական ուժ ստանալու պահից: 

Այս խորագրի վերջին նյութերը