Լրահոս

13.02.2013 16:18


Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը փետրվարի 13-ին հանդիպեց Եվրամիության փորձագետ Լորի Մաննի հետ՝ քննարկելու «Խտրականության դեմ» օրենքի՝ դեռեւս մշակման փուլում գտնվող նախագիծը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով ԵՄ փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախաձեռնել է խտրական վերաբերմունքի արժանացած անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված եւ խտրականության դեմ պայքարի մեխանիզմներ սահմանող նախագիծ: Տիկին Մաննը ներկայացրեց ԵՄ երկրների եւ միջազգային փորձն այս ոլորտում՝ ընդգծելով, որ խտրականության դեմ առանձին օրենք ունենալը լավագույն տարբերակն է:

ԱԺ հանձնաժողովի նախագահը, պաշտպանելով այսօրինակ նախաձեռնության գաղափարն ու խտրականության դեմ պայքարելու սկզբունքները, նախագծի նախնական տարբերակում ամրագրված որոշ մեխանիզմներ համարեց անկատար: Մասնավորապես նա հեղինակներին առաջարկեց այս նախագծով Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունները համադրել եւ համապատասխանեցնել Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների հետ:

ԵՄ փորձագետը քննարկումներում բարձրացված հարցերը վերանայելու պատրաստակամություն հայտնեց եւ ընդգծեց, որ սա նոր մանդատով է օժտում Մարդու իրավունքների պաշտպանին, հետեւաբար կառաջացնի որոշ փոփոխություններ համապատասխան օրենքում: Լորի Մաննը նշեց, որ, ի դեմս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, տեսնում է լավագույն գործընկերներին եւ աջակիցներին: Իսկ «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը, նրա բնորոշմամբ, Հայաստանը մեկ քայլ առաջ կտանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Էլինար Վարդանյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը, որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կառույց, բաց է բոլորի համար եւ պատրաստ համագործակցության:

Զրուցակիցները նախնական քննարկումների ու համատեղ ջանքերի արդյունքում նախագիծը բարելավելու վերաբերյալ համաձայնության եկան: 

Այս խորագրի վերջին նյութերը