Լրահոս

13.02.2013 15:30


Դատապարտյալը որովայնի շրջանում 29 ասեղ էր մտցրել

Դատապարտյալը որովայնի շրջանում 29 ասեղ էր մտցրել

ՄԻՊ–ից տեղեկացնում են, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանը երեկ այցելել էր «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Համլետ Ղազարյանին:

Ըստ մամուլում տարածված տեղեկատվության՝ դատապարտյալը, ի նշան «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի դեմ բողոքի, 29 ասեղ էր մտցրել որովայնի շրջանում և դեկտեմբերի 21-ից գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Համլետ Ղազարյանը արագ արձագանքման բաժնի աշխատակցի հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետը իրեն պարբերաբար խոշտանգել է, ծեծի է ենթարկել և քանիցս դրդել է ինքնասպանության, քանի որ Ղազարյանն ու նրա կինը նրա դեմ բողոքներ են գրել տարբեր վերադաս մարմիններին: Նա նաև հայտնել է, որ իրեն ստիպել են կեղծ ցուցմունքներ տալ տարիներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած դատապարտյալի դեմ:

Իր բողոքի կապակցությամբ դատապարտյալը դիմում է ներկայացրել Պաշտպանին:

Երեկ այցելության պահին դատապարտյալի որովայնի շրջանում դեռևս 3 ասեղ առկա էր: Ըստ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղեկանքի՝ դատապարտյալը դեռ չի համաձայնվում հանել վերջին 3 ասեղները` նշելով, որ հոգեպես լարված է և պատրաստ չէ վիրահատության:

Դատապարտյալ Համլետ Ղազարյանի դիմումը գտնվում է Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Դատապարտյալի խնդրի կապակցությամբ համապատասխան գրություններ կպատրաստվեն և կուղարկվեն իրավասու մարմիններին:

Այս խորագրի վերջին նյութերը