Լրահոս

23.06.2009 20:00


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Նովոստի-Արմենիա լրատվական գործակալության հարցին

Հարց.  Երեկ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հարցազրույց է տվել «Ռոյթերզ» գործակալությանը, որն առնչվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր կողմերին, և, մասնավորապես, չի բացառել մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Շարունակելով նույն թեման՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ եթե մինչև այս տարեվերջ շրջանակային համաձայնագիր չստորագրվի, ապա դրանում ադրբեջանական կողմը մեղավոր չի լինի:  Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

Պատասխան.  Բոլորն արդեն սովոր են, որ պարոն Բրայզայի հայտարարությունները սովորաբար սրբագրվում կամ հերքվում են կամ հընթացս, կամ որոշ ժամանակ անց, կամ էլ վերջապես: Ժամանակը ցույց կտա, թե ինչ ի նկատի ուներ և ինչ էր ուզում իրականում ասել պարոն Բրայզան:

Ինչ վերաբերում է պարոն Մամեդյարովի հայտարարությանը, ապա հենց ադրբեջանական կողմն է մեղավոր, որ  համաձայնություն այս տարիների ընթացքում ձեռք չի բերվել ու չի ստորագրվել: Հայաստանը շարունակում է բանակցությունները, քանի որ չի բացառում, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կառուցողական դիրքորոշում կցուցաբերի: Սակայն պարոն Մամեդյարովի հայտարարությունը վկայում է հենց հակառակի մասին՝ Ադրբեջանի մտադրույթան մասին նույն ոգով  շարունակել ապակառուցողական  քաղաքականությունը  և հերթական անգամ փորձել սեփական մեղքը բարդել Հայաստանի վրա:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը