Լրահոս

13.02.2013 10:29


Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Թբիլիսիում մեկնարկած Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները: 

Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը և մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը և ընդգծեց հայկական կողմի ակնկալիքը մինչև ս.թ. աշնանը կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը եզրափակել Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ներգրավված լինելով Արևելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությանը՝ նախատեսում է այս տարի Երևանում անցկացնել մի քանի միջոցառումներ արդարադատության, երիտասարդական և կրթական փոխանակումների ոլորտներում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը և վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը:

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը գալիք սեպտեմբերին Երևանում անցկացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման  ավարտին տեղի ունեցավ համաժողովի մասնակիցների համատեղ մամուլի ասուլիսը:

                                                                                                                               *        *        *

 Նախարար Նալբանդյանի ելույթը Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հարգելի Մայա,

Հարգելի Շտեֆան,

Հարգելի Հելգա,

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերոջը՝ արտգործնախարար Մայա Փանջիկիձեին, ջերմ հյուրընկալության և այս նախարարական հանդիպումը գերազանց կազմակերպելու համար։

Անցած տարիների ընթացքում, մենք ականատես եղանք, որ Արևելյան գործընկերությունը հետզհետե վերածվում է բովանդակային հարթակի, որը առավել լայն հնարավորություններ է նախանշում քան Եվրոպական հարևանության քաղաքականությունը։  2012թ-ի հուլիսին ընդունված Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզը օգտակար ուղեցույց է ծառայել Եվրոպական Միության հետ մեր ընդհանուր օրակարգի զարգացման և  իրագործման համար։

Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցություններում, մարդկանց շարժունակության և  ոլորտային համագործակցության բնագավառներում։ Մենք մոտեցել ենք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ավարտական փուլերին և ակնկալում ենք եզրափակել գործընթացը մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը:

Ժողովուրդների միջև շարժունակության դյուրացումը Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության կարևոր բաղադրիչ է հանդիսանում, ինչպես դա արտացոլված է Ճանապարհային քարտեզում։ Մենք հաջողությամբ բանակցել և ստորագրել ենք մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը և ակնկալում ենք սկսել մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը։

Մեր քաղաքացիների միջև կապերը և փոխանակումները էլ ավելի խթանելու նպատակով Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել համաձայն որի բոլոր ԵՄ քաղաքացիները ինչպես նաև Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող պետությունների քաղաքացիները այժմ Հայաստան ուղևորվելիս ազատված են մուտքի արտոնագրի պահանջից։   

Հայաստանի և Եվրամիության միջև Շարժունակության գործընկերությունը նպատակաուղղված է ամրապնդելու մեր հարաբերությունները՝ կենտրոնանալով օրինական և աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարման վրա, խթանելով փոխանակման ծրագրերը և  միասնական նախաձեռնությունները մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում, աջակցելով վերադարձի և վերաինտեգրման քաղաքականության արդյունավետ իրականացմանը։ Մենք մի շարք գործնական քայլեր ենք ձեռնարկել շարժունակության վերաբերյալ համատեղ հռչակագրի դրույթներն իրականացնելու համար։

Ցանկանալով զարգացնել ոլորտային համագործակցությունը, մենք ստորագրեցինք Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից արձանագրությունը, ինչը Հայաստանին հնարավորություն է ընձեռնում մասնակցել ԵՄ բազմաթիվ ծրագրերին և համագործակցել ԵՄ գործակալությունների հետ։ Ճանապարհային քարտեզի երկկողմանի հարթության նպատակներից շատերը հաջողությամբ իրականացվել են, իսկ նրանք, որոնք շարունակական բնույթ ունեն, լավ ընթացքի մեջ են: Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ ժողովրդավարական հաստատություններն և օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները և համապատասխան օրենսդրությունը բարելավելու, դատական համակարգի անկախությանը նպաստելու և քաղաքացիական հասարակության դերը ընդլայնելու նպատակով։ Մենք գնահատում ենք, որ մեր ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են և Եվրոպական Միությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է կատարել ՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համաձայն։

2013 թվականը կարևոր տարի է մեր տարածաշրջանի ընտրական օրացույցում։ Հայաստանը վճռական է պահպանել և զարգացնել այն առաջընթացը, որն արձանագրվել էր 2012թ-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների գործընթացում։ Խորհրդարանական ընտրություններից հետո աշխատանքային խումբ ստեղծվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և այլ դիտորդական առաքելությունների առաջարկություններին անդրադառնալու համար։ Խումբը մշակել է համապարփակ գործողությունների ծրագիր՝ վերոնշյալ առաջարկությունների իրականացման նպատակով։ Հայաստանի ղեկավարությունը հանձնառու է անցկացնելու գալիք նախագահական ընտրությունները ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան։

Իրականացված բազմաթիվ բարեփոխումները՝ ուղղված Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, դրական արդյունքներ են տվել, ինչը գնահատվել է միջազգային համապատասխան կառույցների կողմից։ Գնահատելով գործարար միջավայրը 185 երկրներում՝ վերջին Doing Business զեկույցը արձանագրում է Հայաստանի վարկանիշի զգալի առաջխաղացումը՝ 50-ից 32-րդ տեղը։

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության կողմից հրապարակած  Համաշխարհային մամուլի ազատության զեկույցն արձանագրում է 2012թ-ի համար Հայաստանի մամուլի ազատության ցուցիչի զգալի աճը։ Ուսումնասիրությունը, որն իրականացվել է 179 երկրներում՝ հաշվի է առնում այնպիսի չափանիշներ ինչպիսիք են լրատվամիջոցների բազմակարծությունը, անկախությունը, միջավայրը և ինքնագրաքննությունը, օրենսդրական շրջանակը, նորությունների և տեղեկատվության ստեղծման վրա ազդող հաստատությունների և ընթացակարգերի թափանցիկությունը։ Զեկույցի համաձայն, Հայաստանը առաջատարն է մեր տարածաշրջանում։

Ճանապարհային քարտեզում արտացոլված Ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական բարելավումը Հայաստանի համար կարևոր առաջնայնություն է։ 2009-ից սկսված մարդու իրավունքների ոլորտում պարբերական երկխոսություն է տեղի ունենում Եվրամիության հետ։ Սա կարևոր ձևաչափ է, որտեղ քննարկվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ներառյալ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցության հարցեր։

Մենք կարևորություն ենք տալիս քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցություններին: Քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմը հնարավորություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում հասարակական կազմակերպությունների հետագա ներգրավման համար։

Հայաստանը ակտիվ մասնակցություն է բերում Արևելյան գործընկերության բազմակողմանի հարթությունում: Մենք առաջարկել ենք հյուրընկալել Հայաստանում բազմակողմանի հարթության շրջանակներում անցկացվող մի շարք միջոցառումներ՝ մասնավորապես միգրացիայի և շարժունակության խնդիրներին նվիրված, նաև արդարադատության ոլորտում «Անվճար իրավական օգնություն բոլոր քաղաքացիների համար» սեմինարները։ Ծրագրված է այս տարվա ընթացքում Երևւանում անցկացնել «Մարդկային շփումներ» խորագրի ներքո սեմինար՝ Արևելյան գործընկեր պետությունների միջև կրթական և գիտական փոխանակումները խրախուսելու նպատակով։

Ասոցացման համաձայնագրի, Խորը և hամապարփակ ազատ առևտրի գոտու և Մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը որոշակի խնդիրներ են դնում Արևելյան գործընկերների առջև, մասնավորապես, անհրաժեշտություն է առաջանում ամրապնդելու այդ գործընթացներում ներգրավված կամ ներգրավվելիք կառույցների ինստիտուցիոնալ, տեխնիկական և մարդկային կարողությունները:  Այս առումով, մենք գնահատում ենք Եվրոպական Միության աջակցությունը, ներառյալ Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը։

Վարշավայի հռչակագիրը վերահաստատեց, որ Արևելյան գործընկերությունը պետք է էլ ավելի խթանի կայունությունը և բազմակողմանի վստահության հաստատումը, և ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: Հակամարտությունների խաղաղ կարգավորման դրույթը նույնպես նախատեսված է Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզում: Հայաստանը հանձնառու է շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որը միջնորդելու միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է: Մենք ողջունում ենք ԵՄ լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներին:

Որքան մենք մոտենում ենք 2013-ի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, մենք նկատում ենք, որ մեր համագործակցության ձեռքբերումները Արևելյան գործընկերության շրջանակներում ավելի ու ավելի տեսանելի են դառնում:

Մենք արդեն սկսել ենք խորհրդակցությունները նոր փաստաթղթի՝ Ասոցացման օրակարգի վերաբերյալ, որը կփոխարինի Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը: Դա մեր համագործակցությունը կտեղափոխի նոր շրջանակ՝ հաշվի առնելով գրանցված ձեռքբերումները, միաժամանակ ուրվագծելով ավելի արդյունավետ և նպատակաուղղված օրակարգ: Նոր փաստաթուղթը պետք է արտացոլի մեր համագործակցության հավակնոտ օրակարգը, առանձնացնի գերակա ոլորտները, և նպաստի Ասոցացման համաձայնագրի հաջող իրականացմանը: 

Ասոցացման համաձայանգրի դրույթների արդյունավետ կիրառումը, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին, պահանջում է լրացուցիչ ջանքեր գործընկեր պետություններից:  Միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ հանձնառությունները, որոնք պետք է կիրակվեն գագաթանժողովից հետո, կպահանջեն աջակցության ավելի բարձր մակարդակ՝ «ավելին ավելիի դիմաց» մոտեցմանը համահունչ:

Եզրափակելով խոսքս, կցանկանայի վերահաստատել նախարարական ոչ պաշտոնական երրորդ հանդիպումը սեպտեմբերին Երևանում անցկացնելու առաջարկը, որը մեզ լավ հնարավորություն կտա քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ձևաորելու մեր ընդհանուր օրակարգը Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին:

Շնորհակալություն:

Այս խորագրի վերջին նյութերը