Լրահոս

11.02.2013 16:28


Խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին

Խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է նման խնդիրներ ունեցող շենքերը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների նախագծանախահաշվային  փաստաթղթերն  արդեն պատրաստ են:  Քաղաքապետն հանձնարարել է հնարավորին շուտ ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել վերականգնման գործընթացը:

Երևանի կանաչապատման այս տարվա ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում  կկիրառվի նաև հրապարակների և փողոցների լանդշաֆտային դիզայնով ձևավորման սկզբունքը: Կենտրոն վարչական շրջանում նախատեսված տարածքների էսքիզային տարբերակներն արդեն պատրաստ են: Զեկուցվել է, որ Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջիկայում պատրաստ կլինեն նաև մյուս վարչական շրջանների լանդշաֆտային ձևավորման էսքիզային տարբերակները:

Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են ոռոգման համակարգերի ստուգման, վթարների վերականգնման և նոր ցանցերի անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհների կառուցման աշխատանքներին զուգահեռ հատուկ ուշադրություն դարձնել նաև հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման գործընթացին:

Զեկուցվել է նաև, որ մինչ շինբարեկարգման հիմնական ծրագրերի մեկնարկը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում շարունակվում են փոսալցման աշխատանքերը:

Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման և հասարակական տրանսպորտում ծխող վարորդների հայտնաբերման մասով կազմվել են արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել հասարակական տրանսպորտում ծխելու դեպքերի բացառման, ինչպես նաև բարձր երաժշտությունն արգելելու ուղղությամբ վերահսկողությունը:

Զեկուցվել է նաև, որ շարունակվում են մայրաքաղաքի կանաչապատման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպություններում, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության ավտոտրանսպորտային ընկերություններում աշխատանքի ընդունման մասին տարածած հայտարարությունների շրջանակում դիմումների ստացումը:  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական երկու դպրոցներում արձանագրված նախընտրական քարոզչության և քաղաքական գործունեություն իրականացնելու փաստերով խիստ նկատողություն է հայտարարվել այդ ուսումնական հաստատությունների տնօրեններին:

Խիստ նկատողություն է հայտարարվել նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրենին՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում  կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը