Լրահոս

11.02.2013 18:24


Սննդային թունավորում

Սննդային թունավորում
Փետրվարի 10-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել, որ աղիքային երևույթներով 15 հիվանդ հոսպիտալացվել է «Արմավիր», 6-ը` Էջմիածնի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում, 1-ը Երևանում` սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ:
 
Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչից պարզվել է, որ հիվանդները փետրվարի 9-ին «Շանսոն» ռեստորանում հարսանյաց հանդեսի ժամանակ կերել են հավի կրծքամսով, սնկով, մայոնեզով պատրաստված աղցան, խոզի մսով խորոված: Սննդի ընդունումից 3-4 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել թունավորման նշաններ: Բոլոր հիվանդների կլինիկական ախտանշանները հիմնականում նույնն են եղել` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, որովայնի կծկանքային ցավեր, փքնածություն:
 
Թունավորման հավանական գործոնը սնունդն է, քանի որ բոլոր հիվանդներն օգտագվործել են նշված միևնույն սննդատեսակները։ Բացի այդ,  վարակի գաղտնի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաև դրանց միաժամանակ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմանը:
 
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից  կատարված ուսումնասիրությեւնից պարզվել է, որ «Շանսոն» ռեստորանում խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակն անբավարար է:
 
Հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու նպատակով տեղում ձեռնարկվել են հակահամաճարակային համալիր միջոցառումներ.   
-ժամանակավորապես դադարեցվել է հանրային սննդի կազմակերպության գործունեությունը,
- օգտագործված սննդամթերքից, ջրից, շրջակա միջավայրից վերցվել են նմուշներ` թունավորման պատճառագիտությունը պարզելու նպատակով լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:  
 
Ներկայումս 21 հիվանդ դուրս է գրվել լավացումով։ Դեռևս հսկողության տակ է գտնվում Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ տեղափոխված հղին, ում վիճակը բավարար է: 
 
Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Իրավիճակը վերահսկվում է։

Այս խորագրի վերջին նյութերը