Լրահոս

11.02.2013 19:50


Տեղի է ունեցել «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի շնորհանդեսը

Այսօր` փետրվարի 11-ին տեղի ունեցավ «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն: Գրքում զետեղված լրագրողական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանում վերջին 5 տարիներին քաղաքական և ընտրական գործընթացներում համացանցի ազդեցությանը, կայքերի անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներին, ցանցային պատերազմներին, լրատվամիջոցների փոխակերպմանը և այլն: Այլ խոսքով` գիրքն այն մասին է, թե ինչպես է համացանցի տարածումը Հայաստանում փոխել առօրյա կյանքի կառուցվածքը:

«Լրագրողներ հանուն ապագայի» նախագահ Սուրեն Դեհերյանը, ով նաև գրքի խմբագիրն է, միջոցառմանը նշեց, որ անհրաժեշտ են պետական նախաձեռնություններ և շարունակական ներդրումներ վիրտուալ Հայաստանում ցանցային ծառայությունների ենթակառուցվածքը զարգացնելու համար:

«Այլևս համացանցն օգտագործել միայն էլեկտրոնային փոստի կամ սոցիալական ցանցում էջ ունենալու համար չի կարող բավարար համարվել: Անգամ համացանցի տարածումը ողջ հանրապետությունում, բավարար չէ էլեկտրոնային հասարակություն ունեցող երկիր համարվելու համար»,- ասում է Դեհերյանը և ավելացնում, որ «երկու կողմից փակ սահմաններ ունեցող Հայաստանի համար այս անսահման տարածությունը կարող է կայունություն, մրցունակություն և զարգացում ապահովել տարբեր ոլորտներում»:

Գրքում ներկայացված է նաև ԼՀԱ-ի հեղինակած «Առցանց լրագրողի վարքականոնը», որով հեղինակները նպատակ ունեն նպաստելու համացանցում հանրային տեղեկատվություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը:

Միջոցառման ընթացքում կազմակերպության փորձագետները նաև իրենց դիտարկումները ներկայացրին նախագահական ընտրությունների նախընտրական փուլում համացանցի` որպես տեղեկատվության այլընտրանքային աղբյուրի կիրառման վերաբերյալ:

«Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գիրքը հրատարակվել է «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում:  Աջակիցներն են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակը, որոնց ներկայացուցիչները ևս մասնակցում էին միջոցառմանը: 

Այս խորագրի վերջին նյութերը