Լրահոս

07.02.2013 14:23


Ձեռք կբերվի էլեկտրոնային ստորագրություն ճանաչող սարքի նոր խմբաքանակ

Ձեռք կբերվի էլեկտրոնային ստորագրություն ճանաչող սարքի նոր խմբաքանակ

ՀՀ կառավարությունը 2013թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և կենսաթոշակային բարեփոխման շրջանակում էլեկտրոնային ստորագրություն ճանաչող սարքի նոր խմբաքանակ` 20 հազար հատ, ձեռք բերելու նպատակով «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին հատկացրել ավելի քան 90 մլն դրամ։ Ավելի վաղ ձեռք բերված 20 հազար սարքից 10 հազարն արդեն իրացվել է, սակայն պահանջարկը դեռևս մեծ է։

Կառավարության երկու որոշմամբ սահմանվել է, որ փորձաքննության ծառայությունները ձեռք են բերվում ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, 2013 թվականին փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքն է 465 դրամ։ Սահմանվել են նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակած լիազորության իրականացման 2013թ. ծախսերի կատարման նորմատիվները` յուրաքանչյուր ակտի գրանցման տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 1787.47 հազար դրամ, բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 866.9 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ լուծվել են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պահպանման ծախսերի հետ կապված հարցերը։
Իր ընդունած երեք որոշմամբ գործադիրը կարգավորել է ՀՀ ԱԻՆ բժշկական հաստատության գործունեության ուղղությունները և ֆինանսավորման հետ կապված հարցերը, հաստատության աշխատակիցներին պաշտոնի նշանակման, պաշտոնից ազատման և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները, ապահովել 2012թ. ստեղծված ՀՀ ԱԻՆ պոլիկլինիկայի գործունեությունը, պոլիկլինիկայում փրկարարական ծառայողների բուժօգնությունը, միմյանց կրկնող ստորաբաժանումների և գործառույթների բացառումը։ Հաջորդ որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևան, Գյումրի, Վանաձոր և Վաղարշապատ քաղաքներում գործող ստորաբաժանումները շենքային պայմաններով ապահովելու նպատակով գործադիրն անհատույց օգտագործման իրավունքով կենտրոնին է հանձնել շենք-շինություններ։
ՀՀ որակի ենթակառուցվածքի կառույցների 2013թ. աշխատանքային պայմանները բարելավելու համար կառավարությունը հատկացրել է 250 մլն դրամ։ Բացի այդ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտում պետք է ներառվի որակի ենթակառուցվածքի բարեփոխման հայտը` ամեն տարի 200-ական միլիոն դրամի չափով։ Ոլորտի բյուջետային աջակցության ծրագիր է իրականացնելու նաև Եվրամիությունը։

Այս խորագրի վերջին նյութերը