Լրահոս

07.02.2013 20:14


Կոչ են անում համարժեքորեն արձագանքել թուրքական իշխանությունների անգործությանը

Կոչ են անում համարժեքորեն արձագանքել թուրքական իշխանությունների անգործությանը

«Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ-ն դատապարտում է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայազգի կանանց նկատմամբ շարունակաբար իրականացվող հարձակումներն ու բռնությունները և Թուրքիայի իշխանություններից խստորեն պահանջում ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը, հետամուտ լինել վերոնշյալ հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործին: Նման վայրագությունները հատկապես սրում են իրավիճակը Ցեղասպանության 98-ամյակին ընդառաջ:

Թուրքական իշխանությունների լռությունը և կրավորական կեցվածքը պարարտ հող են ստեղծել այդ երկրում ատելության, անհանդուրժողականության ու ազգայնական տրամադրությունների աճի և հայության շրջանում վախի մթնոլորտի ձևավորման համար: 
Կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԽ-ին և մյուս բոլոր միջազգային կազմակերպություններին ու իրավապաշտպան կառույցներին` համարժեքորեն արձագանքել թուրքական իշխանությունների անգործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ երկրում ազգայնական հողի վրա հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանության հարցում:
Կոչ ենք անում ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններին, երիտասարդական կառույցներին, անհատներին միանալ Ստամբուլի միջադեպերը և ընդհանրապես Թուրքիայում՝ մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը դատապարտող բողոքի երթին, որի ընթացքում բաց նամակ կհանձնվեն միջազգային կառույցների ներկայացուցիչներին: 
Երթը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին Հանրապետության հրապարակում: Երթուղին ՝ Հանրապետության հրապարակ, ՄԱԿ-ի գրասենյակ, ԵՄ գրասենյակ:

Այս խորագրի վերջին նյութերը