Լրահոս

07.02.2013 12:41


«Պետությունը մի կողմից դրամաշնորհ է տրամադրում, մյուս կողմից հետ վերցնում». բաց նամակ

«Պետությունը մի կողմից դրամաշնորհ է տրամադրում, մյուս կողմից հետ վերցնում». բաց նամակ

ՀՀ ԿԳՆ նախարար պրն. Ա. Աշոտյանին
ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի 
նախագահ Ս. Հարությունյանին

Բաց նամակ

Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիրը 
չի աջակցում երիտասարդ գիտնականներին

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ստորև Ձեզ է ներկայացնում կազմակերպության անդամ, ԵՊՀ ասպիրանտ Լիլիթ Հակոբյանի նամակը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ առաջարկությունները՝ ուղղված ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին:
2013թ. փետրվարի 1-ին հայտարարվեցին «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2012» մրցույթի հաղթողները, և ես հիշեցի, թե ինչ զգացի 2 տարի առաջ՝ իմ անունը գտնելով 2010թ. նույն մրցույթի հաղթողների ցուցակում: Ցանկացած երիտասարդ գիտնականի համար անչափ կարևոր է գիտական ծրագիր իրականացնելու համար դրամաշնորհի արժանանալը, պակաս կարևոր չէ այն փաստը, որ այդ դրամաշնորհը տրամադրվում է ոչ թե արտասահմանյան աղբյուրներից, այլ մեր երկրի պետբյուջեից: Սակայն այժմ ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի կարևորության մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ այն անկատար մեխանիզմների, որոնցով դրամաշնորհները հասցվում են շահառուներին: Ստիպված եմ մատնանշել այն թյուրիմացությունը, որ կոչվում է եռակողմ պայմանագիր, և որի կողմերն են ԳՊԿ-ը, ծրագրի հաղթող ասպիրանտը և այն կազմակերպությունը, որում իր աշխատանքն է իրականացնում վերոհիշյալ ասպիրանտը: Նախ այնքան էլ պարզ չէ, թե ինչ նպատակ ունի ԳՊԿ-ի և ասպիրանտի միջև երրորդ կողմի ավելացումն այն պայմաններում, երբ այդ կողմը այսպես կոչված “overhead”-ի տեսքով արդեն ստացել է իր տարածքում աշխատանքներ կատարելու դիմաց վճարը: Համաձայն այդ պայմանագրի՝ ԳՊԿ-ը վերը նշված կազմակերպությանն է տրամադրում դրամաշնորհի ֆինանսական միջոցները, և ասպիրանտին այդ միջոցները հասցնելու հետագա պարտավորությունն արդեն այդ կազմակերպության խնդիրն է: Այստեղ էլ սկսվում են ասպիրանտի «արկածները»՝ արդեն շահած դրամաշնորհի գումարները ստանալու համար կրկնակի զեկուցագրեր գրելուց մինչև պահումներ աշխատավարձից: Բանն այն է, որ դրամաշնորհով հատկացվող աշխատավարձը փոխանցվում է ասպիրանտին՝ որպես տվյալ կազմակերպությունում ստացվող աշխատավարձի մի մաս, որի հետևանքով ոչ միայն ենթարկվում է հարկման (հարկվում է յուրաքանչյուր ամիս ստացվող աշխատավարձի մոտ 28%-ը), այլև, մեծացնելով այդ կազմակերպությունում ասպիրանտի աշխատավարձը, փոխում է դրա հարկման ձևը՝ ավելացնելով հարկվող գումարի չափը: Համեմատության համար նշեմ, որ ANSEF-ի կողմից տրամադրվող դրամաշնորհների դեպքում գիտաշխատողի աշխատավարձը ընդհանրապես չի հարկվում: Ստացվում է անտրամաբանական պատկեր, երբ պետությունը մի կողմից դրամաշնորհ է տրամադրում գիտական աշխատանքի կատարման համար, մյուս կողմից հետ վերցնում տրամադրած չնչին գումարի մի մասը: Այսպիսի անարդյունավետ մեխանիզմը ծրագրի ընթացքին հետևելու ծանր պարտավորությունից ազատում է ԳՊԿ-ին` միաժամանակ ավելորդ խնդիրներ ստեղծելով երիտասարդ գիտաշխատողի համար: Հարց է առաջանում` արդյո՞ք պարտավոր եմ եղել ստորագրելու այդ պայմանագիրը: Այն ժամանակ ես դա չեմ պարզել, հույս ունեմ դրամաշնորհների այսօրվա շահառուներն ավելի խելացի կգտնվեն: Իմ կողմից ավելացնեմ, որ հրաշալի կլիներ, եթե այս նամակով կարողանայի պատասխանատու կողմերի ուշադրությունը հրավիրել ծրագրի իրականացման մեխանիզմների անկատարության վրա, որով ստվեր է գցվում այնպիսի ողջունելի նախաձեռնության վրա, ինչպիսին «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիրն» է:
Այսպիսով, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԳՊԿ մրցույթները և աշխատանքը երիտասարդ գիտնականներին հասանելի դարձնելու նպատակով առաջարկում է՝
ա/ Կազմակերպել քննարկում երիտասարդ գիտնականների և շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝ վերոհիշյալ խնդիրները քննարկելու նպատակով:
բ/ Հրապարակել «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012»-ի մասնակիցների ծրագրերի փորձագետների գնահատականները և այսուհետ բոլոր ծրագրերի փորձագիտական գնահատականները ներկայացնել հանրությանը:
գ/ Երիտասարդ գիտնականների համար նախատեսված ծրագրերի փորձագիտական գնահատման հետ մեկտեղ հաղթող չճանաչված երիտասարդ գիտնականին ներկայացնել իր ծրագրի թերությունները, բացթողումներն ու առաջարկները՝ տվյալ ծրագրի բարելավման նպատակով:
դ/ Հերթական անգամ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012»-ի շրջանակներում անտեսվել են հայցորդները, ովքեր, ի տարբերություն առկա և հեռակա ասպիրանտների, իրավունք չեն ունեցել դիմելու դրամաշնորհին, սակայն ինչպես ասպիրանտները, գիտահետազոտական աշխատանք են իրականացնում և ավարտին ստանում են գիտությունների թեկնածուի կոչում: Հետագա բոլոր մրցույթներում հնարավորություն ընձեռել հայցորդներին՝ մասնակցելու «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրին»:
ե/ Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի բոլոր իրականացված ծրագրերի գիտական և ֆինանսական հաշվետվությունները հասանելի դարձնել ԳՊԿ կայքում:
Հարգանքներով՝
«Երիտասարդ կենսաբանների 
ասոցիացիա» ՀԿ նախագահ՝ 
Ա. Գասպարյան

Այս խորագրի վերջին նյութերը