Լրահոս

06.02.2013 14:47


Պահպանե՛նք վերականգնված արդարությունը

Պահպանե՛նք վերականգնված արդարությունը

Մոնթեն արդարության մարտիկ էր։ Նա պայքարում էր ընդդեմ անարդարության ընդհանրապես։ Իսկ հայության հանդեպ արվել էր մեծագույն անարդարություն. ցեղասպանության, ջարդերի միջոցով խլվել էր հայրենիքը։ Այդպիսով, Արցախյան հերոսամարտը և դրա արդյունքում ազատագրված մեր հայրենիքի մի մասնիկը այդ անարդարության մասնակի վերականգնման փորձ էր։ Արցախի ազատագրված տարածքը հայ դատի մերօրյա պայքարն է։ Մոնթեն նպատակ ուներ ազատագրել մեր հայրենիքի արևմտյան հատվածում գտնվող Տիգրանակերտը, որպեսզի վերացներ հայության հանդեպ գործված անարդարությունը։ Փոխարենը, նա դա արեց արևելքում՝ ազատագրելով Արցախի Տիգրանակերտը։ Ուրեմն, պահպանե՛նք Մոնթեի և մեր մյուս հերոսների վերականգնած արդարությունը։
«Հայրենասեր»-ի անդամները այս թեմայով շատ են խոսում և բանավիճում։ Մի այդպիսի բանավեճի ժամանակ մեր նորաթուխ երիտասարդ փաստաբաններից մեկը պնդում էր, որ մենք անարդար ենք վարվել խեղճ քրդերի և թուրքերի հետ՝ վռնդելով նրանց այն տներից և տարածքներից, որոնք այդ նույն թուրքերի և քրդերի պապերը խլել էին մեր պապերից։ Մի՞թե։ Անարդարությունը ժամկետ չունի, որի լրանալուց հետո այն դառնում է արդարություն։ Ցեղասպանության համար պատիժը ժամկետ չունի։ Իսկ Մոնթեն և մեր մյուս հերոսները պատժեցին թշնամուն ցեղասպանության և ջարդերի արդյունքում մեր հայրենիքի արևելյան շրջաններին տիրանալու համար։ Նրանք ազատագրեցին Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան և Արցախի մյուս շրջանները։ Ուրեմն, պահպանե՛նք նրանց վերականգնած արդարությունը։
Հիմա մեր սերնդի հերթն է։ Մեր հայրերը ազատագրեցին, որ մենք պահպանենք և զարգացնենք։ Այժմ մենք պետք է ապացուցենք, որ իրենց զոհողություններն իզուր չէին: Ուրեմն, լծվենք հայրենիքի պաշտպանության սրբազան գործին և ասենք.
Ո՛չ պարտվողականությանը,

Ո՛չ մադրիդյան սկզբունքներին,
Ո՛չ հայրենի հողը թշնամուն հանձնելուն։
Փոխարենը, ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ։
Ստեփան Սարգսյան
«Հայրենասեր» կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը