Լրահոս

06.02.2013 19:35


Կքննարկվեն գրականագիտության մեթոդոլոգիայի հարցերն արդի փուլում

Կքննարկվեն գրականագիտության մեթոդոլոգիայի հարցերն արդի փուլում

Փետրվարի 8-10-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի գրողների միությունը և «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն Ծաղկաձորում համատեղ կիրականացնեն «Գրականագիտության մեթոդոլոգիայի հարցերն արդի փուլում: Պոստմոդեռնիզմ. 20 տարի անց» խորագրով գիտաժողովը։ Այն նախատեսված է երիտասարդ տեսաբանների, գրականագետների, քննադատների համար։

Այսօր խնդիր կա ամբողջությամբ ուսումնասիրելու 20-րդ դարի գրականագիտական-տեսական միտքը, յուրացնելու մոդեռնիստական և պոստմոդեռնիստական տեսությունները և գրականագիտական մեթոդները՝ հասկանալու, թե ինչ ուղղություններով է զարգանում համաշխարհային գրականագիտական միտքը և, ի վերջո, ինտեգրվելու վերոնշյալ գործընթացներին: Գիտաժողովի նպատակն է համախմբել գրականության տեսությամբ զբաղվող երիտասարդ մասնագետներին, բարձրաձայնել վերը նշված հիմնախնդիրները, փնտրել ոլորտի խթանման նոր ուղիներ:

Եռօրյա համաժողովի ընթացքում կհնչեն շուրջ 20 զեկուցումներ։ Գիտաժողովի թեմաների ընդհանուր շրջանակը հետևյալն է` «Պոստմոդեռնիզմի տեսությունը», «Գեղագիտական հիմնական կատեգորիաները և դրանց զարգացումը մոդեռնիստական և պոստմոդեռնիստական տեսություններում», «Անալիտիկ հոգեբանություն, ֆրոյդիզմ, նեոֆրոյդիզմ, պոստֆրոյդիզմ», «Ստրուկտուրալիզմ, պոստստրուկտուրալիզմ», «Ժիլ Դելյոզի, Միշել Ֆուկոյի տեսությունները», «Բարտ և Դերիդա», «Միֆոլոգիական դպրոց. զարգացումները 20-րդ դարի երկրորդ կեսին (ԱՄՆ, Կանադա)», «Տարտու-Մոսկովյան նշանագիտական դպրոց», «Մարքսիստական նոր դպրոցներ. նեոմարքսիզմ (ստրուկտուրալիստական մարքսիզմ, ֆրեյդոմարքսիզմ, մարքսիզմ-էքզիստենցիալիզմ), պոստմարքսիզմ», «Ռուսական տեսական միտքը արդի փուլում»:

Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն՝ երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը