Լրահոս

23.06.2009 09:58


«Սամցխե - Ջավախքի» հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունը

            Ցավով տեղեկացանք, որ «Ֆրիդրիխ Նաումանի» անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ, նախապես կազմված ծրագրով, Թբիլիսիում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար, հունիսի 19-ին, ժամը 21-ի սահմաններում, Հայաստանից Վրաստան մեկնող խումբը, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանը, «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, չի կարողացել ամբողջ կազմով մուտք գործել Վրաստան: Սադախլոյի անցակետում Վրաստանի սահմանապահ ծառայությունները, թույլատրելով խմբի 3 անդամների մուտքը Վրաստան, հայտարարել են, որ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստանի տարածք արգելված է (անգամ այն դեպքում երբ նա ներկայացրել է ՀՀ դիվանագիտական անձնագիրը):

          Չնայած հայկական խմբի կողմից տեղեկացվել է, որ նախապես պայմանավորվածության համաձայն, Թբիլիսիում քննարկումների թեմաներն են հայ-վրացական հարաբերությունների, Վրաստանի ազգային փոքրամասնությունների, տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված խնդիրները և հայկական խումբը պետք է հանդիպումներ ունենա Վրաստանի արտգործնախարարության, ռեինտեգրացման նախարարության, մի շարք հասարակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչների հետ ու ներկայացվել է նախապես ստացված հրավերը, նորից վրաստանի անվտանգության ծառայությունները չեն թույլատրել Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան:

          Անարդյունք է անցել անգամ Վրաստանի սահմանապահ ծառայությունների կողմից անվատանգության կենտրոնական մարմիններին դիմելու փորձը: Ի նշան բողոքի հայկական խումբը վերադարձել է Հայաստան:  

         ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ինչպես ՀՀ խորհրդարանում, այնպես էլ ամենատարբեր միջոցառումներում, միշտ հանդես է եկել հայ-վրացական բարիդրա-ցիական հարաբերությունների և Վրաստանում ապրող հայության ազգային գործունեու-թյան կազմակերպման ու կարգավորման մի ամբողջ համակարգի ձևավորման օգտին: Մենք միշտ բարձր ենք գնահատել Սամցխե-Ջավախեթի նահանգի հայության հետ կապված հարցերի, տարածաշրջանում կուտակված հիմնախնդիրների հաղթահարման կար&որագույն ուղղությունների, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ հիմնահար-ցերի լուծման գործում «Ջավախք» հայրենակցական միության և նրա նախագահ Շիրակ Թորոսյանի ակտիվ դիրքորոշումը:

            Խստորեն դատապարտելով տեղի ունեցած դեպքը, մենք դիտավորություն ենք տեսնում Վրաստանի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախօրեին վրացական իշխանությունների կողմից կատարված նման քայլի մեջ և պահանջում ենք Վրաստանի համապատասխան ծառայություններից, անհապաղ վերացնել ստեղծված խոչընդոտը,  պարզաբանում տալ նշված դեպքի կապակցությամբ և պատժել դիտավորությամբ կազմակերպված այս թշնամական քայլի կազմակերպիչներին:

«Սամցխե - Ջավախքի» հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անունից.

                                                                  Մ. Թորոսյան

                                                                  Դ. Ռստակյան

                                                                  Ն. Կարապետյան

                                                                  Ա. Շիպակցյան

                                                                 Ա. Գաբրիելյան

Այս խորագրի վերջին նյութերը