Լրահոս

22.06.2009 18:48


Ախուրիկում ընտրություններն ավարտվեցին. հետընտրական միտինգներ չկան

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում կիրակի օրը համայնքապետի արտահերթ ընտրություն է անցկացվել, որի արդյունքում համայնքապետ է ընտրվել Շիրակի մարզպետարանի գյուղվարչության աշխատակից Վարդիթեր Գասպարյանը:

Նախընտրական շրջանում Ախուրիկում թեկնածուների միջև հարաբերությունները լարված էին: ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական և անկուսակական թեկանածունները մինյանց մեղադրում էին անարդարացի մրցակցության և անօրինական կերպով ընտրություների արդյունքների վրա ազդելու փորձի մեջ:

Սակայն, ընտրություններից մեկ օր անց Ախուրիկում դրությունը հանգիստ է:

«Մեր գյուղում, ո՛չ միտինգներ կան, ո՛չ էլ բողոքի ակցիաներ»,- կատակում են ախուրիկցինները:

«Ամեն ինչ նորմալ անցավ, ոչինչ չնկատեցինք»- նշում է Վարդան Պողոսյանը:

Սակայն միկրոֆոնից այն կողմ ախուրիկցիները նշում են, որ ամեն դեպքում որոշ կեղծիքներ եղել են. «Օրինակ կողքի գյուղից են եկել քվեարկել, բայց կաշառք չեն տվել: Դե ասում են մարզպետարանից նշանակեցին էլի, ես ինչ գիտեմ: Մի գյուղից ենք հիմա էլ, ո՞վ վատ բաներից կխոսի, ընտրվեց պրծավ։ Հիմա բոլորը լավ են հետը, նույնիսկ իրա մրցակիցները, որոնք ընտրություներից առաջ բողոքում էին էդ կնոջ դեմ, գնացին շնորհավորեցին, սաղ գիշեր իրար հետ խմեցին, պրծան»,- անկեղծացավ ներկայանալ չցանկացող ախուրիկցիներից մեկը:

Նոր համայնքապետ  Վարդիթեր Գասպարյանից, ախուրիկցիները սպասելիքներ գրեթե չունեն, միակ սպասելիքը վերջերս աղետի հետևանքով կրած վնասների փոխհատուցումն է:

«Դե հիմա մարզպետը մեզ լավ աչքով կնայի, իրա աշխատողն է դառել մեր նոր գյուղապետը, տեսնենք՝ ի՞նչ կանի»,-ասում է Գոհարիկ Հարությունյանը:

 

Այսօր մարզպետարանից տեղեկացանք, որ Ախուրիկ համայնքի աղետի հետևանքով կրած վնասների առումով, որոշակի պատասխան չունեն, դիմումն ուղարկել են կառավարություն և պատասխանի են սպասում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը