Լրահոս

02.02.2013 14:13


Տեղեկանք` ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների մասին` 2013թ. փետրվարի 1-ի դրությամբ

Տեղեկանք` ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների մասին` 2013թ. փետրվարի 1-ի դրությամբ

2013թ. փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող Հայաստանի Հանրապետության գլխավոր և զինվորական կենտրոնական, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումների ընդունման, գրանցման ու քննարկման ընթացքի վերաբերյալ

01.02.2013թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրության ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ընդունման, գրանցման, քննարկման աշխատանքները համակարգելու, այդ ոլորտում դատախազական հսկողության արդյունավետությունը և միասնական պրակտիկա ապահո¬վելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի 2013թ. հունվարի 14-ի N 3 հրամանի համաձայն, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ:

Հրամանի համաձայն՝ ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազությունների կառուցվածքային ստորաբաժանումների, ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին հանձնարարվել է նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի, դրանց ընթացքի մասին հաղորդումներ ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, իսկ աշխատանքային խմբի ղեկավարին` յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ օրը, մինչև ժամը 11:00-ն, ամփոփ տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին: 

Հրամանի 4-րդ կետով հանձնարարվել է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականին` ուսումնասիրել զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները և դրանց մասին անմիջապես իրազեկել աշխատանքային խմբին` սահմանված կարգով քննարկելու և արդյունքների մասին համապատասխան լրատվության միջոցներին հաղորդումներ ուղարկելու համար: 

Սույն տեղեկանքում արտացոլված են Հայաստանի Հանրապետության գլխավոր և զինվորական կենտրոնական, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներն ու դիմումները, ինչպես նաև` դրանց վերաբերյալ դատախազության կողմից ուսումնասիրված լրատվության միջոցներում տպագրված նյութերը.

1. 2013թ. հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի` 2013թ. հունվարի 8-ի բողոքը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ, 143-րդ, 149-րդ, 178-րդ, 223-րդ, 226-րդ, 299-րդ, 300-րդ, 301-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 322-րդ, 334-րդ, 335-րդ, 389-րդ, 392-րդ և 393-րդ հոդվածներով պատասխանատվության ենթարկելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:

Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ չնայած հղում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների, սակայն իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, իսկ օրենսդրական փոփոխություններ իրականացնելը դատախազական գործառույթներ չեն:

2. 2013թ. հունվարի 21-ին «www.aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում, հաղորդում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ հոդվածը:
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հետագա քննարկման: 

3. 2013թ. հունվարի 24-ին` ժամը 17:25-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանից այն մասին, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 33 շենքի մոտ իրեն խոչընդոտում են և չեն թողնում բաժանել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական բուկլետները:

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել ՀՀ ոստիկանություն ահազանգած Սուսաննա Բարխուդարյանը, սակայն վերջինս, պատճառաբանելով իր զբաղվածությունը, հրաժարվել է ներկայանալ:
Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կատարված դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

4. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի` 2013թ. հունվարի 15-ի բողոքը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԿԸՀ նախագահի լիազորությունները կասեցնելու, ընտրությունները հետաձգելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:

Դիմումատուին կրկին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, իսկ բարձրացրած մյուս հարցադրումները դատախազական գործառույթներ չեն:

5. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանի` 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի հիմքով իրեն ՀՀ Նախագահի խոչընդոտված թեկնածու հռչակելու մասին:

Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում:

6. 2013թ. հունվարի 24-ին` ժամը 14 :50-ին, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանը զանգահարել է ոստիկանության «թեժ գիծ» և հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը խաչընդոտում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի օգտին գյուղում իրականացվող քարոզարշավին:
Նույն օրը` ժամը 15 :30-ին, Հայարփի Նորեյանը կրկին ահազանգել է նույն հեռախոսահամարին և հայտնել, որ Վանաշենի գյուղապետը գումար է պահանջում` քարոզչական պաստառներ փակցնելու թույլտվություն տալու համար:

Հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012թ. դեկտեմբերի 17–ին Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները, որոշում է կայացրել` ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Վանաշեն գյուղի համայնքի տարածքում նախագահի թեկնածուների կողմից քարոզչական պաստառներ փակցնելու համար համապատասխան տարածքներ առանձնացնելու մասին: 

2013թ. հունվարի 24-ին` ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քարոզարշավ իրականացնող Գևորգ Օհանջանյանը, Մայիս Միքայելյանը, Գագիկ Իսաջանյանը և Արտուշ Գասպարյանը մեկնել են Վանաշեն գյուղ, որպեսզի համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնեն և ընտրողների շրջանում տպագիր նյութեր տարածեն: Գյուղում Գևորգ Օհանջանյանը մտել է գյուղապետարան, որպեսզի գյուղապետից տեղեկանա, թե որտեղ իրենք կարող են քարոզչական պաստառներ փակցնել: Սակայն գյուղապետը և գյուղապետարանի մյուս աշխատակիցները տեղում չեն եղել: Գևորգ Օհանջանյանը խմբի մյուս անդամների հետ գյուղի կենտրոնական փողոցում սկսել են համագյուղացիների շրջանում տպագիր նյութեր բաժանել, զրուցել են հավաքված ընտրողների հետ` սպասելով գյուղապետին: 

Քիչ անց փողոցով քայլելով վերջիններիս է մոտեցել համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը և տեղյակ չլինելով, որ նրանք ի սկզբանե գյուղապետարան են գնացել, կարծել է, թե վերջիններս ցանկանում են պաստառներ փակցնել ըստ իրենց ցանկության, նրանց ասել է, որ նրանք իրավունք չունեն առանց համայնքի ղեկավարի թույլտվության պաստառներ փակցնել ցանկացած վայրում: Խմբի ղեկավար Գևորգ Օհանջանյանը, կարծելով, որ Արտաշես Գրիգորյանը արգելում է իրենց քարոզչությամբ զբաղվել, զանգահարել է «Ժառանգություն» կուսակցության Արարատի մարզի կոորդինացնող Մայիս Միքայելյանին և ասել, որ համայնքի ղեկավարը խոչընդոտում է քարոզարշավին: 

Տեղեկանալով այդ մասին` Մայիս Միքայելյանը զանգահարել է նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանին և ասել, որ Վանաշեն գյուղի համայնքի ղեկավար Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին: Հայարփի Նորեյանն էլ ահազանգել է ոստիկանության համապատասխան ծառայություն և հայտնել է այդ մասին: Այդ ընթացքում Արտաշես Գրիգորյանը և Գևորգ Օհանջանյանը միասին գնացել են գյուղապետարան, որտեղ զրուցել են: Գյուղապետը պարզաբանել է Գևորգ Օհանջանյանին օրենքի պահանջը, որից հետո նրանք շարունակել են իրենց քարոզարշավը:

Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը բացատրություն է տվել, որ գյուղի կենտրոնում նկատելով հավաքված բազմություն` մոտեցել է ու տեսել անծանոթ անձանց, ովքեր ներկայացել են որպես ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ և հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել: Նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, այն, որ պետք է համապատասխան դիմում ներկայացնեն և պաստառները փակցնեն այդ նպատակի համար նախատեսված տեղերում, սակայն շտաբի անդամները չեն համաձայնել իր հետ, հայտարարել են, որ գյուղապետը խոչընդոտում է իրենց աշխատանքը:

Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը ներկայացրել է նաև համայնքի ավագանու` 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր (3հասցե) առանձնացնելու մասին:
Հայարփի Նորեյանը և մյուսները 2013թ. հունվարի 25-ի դրությամբ չեն ներկայացել բացատրություններ տալու, որի համար նրանք ծանուցագրով հրավիրվել են ոստիկանության բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Գևորգ Օհանջանյանը, Մայիս Միքայելյանը, Գագիկ Իսաջանյանը և Արտուշ Գասպարյանը բացատրություններ են տվել, որ իրականում Արտաշես Գրիգորյանը իրենց քարոզարշավին չի խոչընդոտել, ուղակի միմյանց ճիշտ չեն հասկացել: Նշել են նաև, որ Արտաշես Գրիգորյանը պաստառներ փակցնելու համար իրենցից գումար չի պահանջել, որ իրենք նման բան Մայիս Միքայելյանին չեն ասել: 

Նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանն իր բացատրությունում նշել է, որ Մայիս Միքայելյանն իրեն գումարի հարցի շուրջ ոչինչ չի ասել, նման տեղեկատվություն ինքը ոստիկանությանը չի հայտնել, ուղակի երկրորդ անգամ, երբ ոստիկանություն է ահազանգել, փորձել է ճշտել, թե արդյոք Վանաշեն գյուղում առաջացած խնդիրները կարգավորվել են, թե` ոչ: Հայարփի Նորեյանը միաժամանակ հայտնել է, որ գումար պահանջելու մասին խոսակցությունը հավանաբար թյուրիմացության արդյունք է, ինքը ոստիկանության աշխատակցին միայն «թույլտվության» պահանջի մասին է հայտնել, գուցե նա իրեն ճիշտ չի հասկացել: 

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Վանաշենի համայնքապետ Արտաշես Գրիգորյանի գործողություններն օրինական են, նա չի խոչընդոտել թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնող անձանց լիազորությունների իրականացմանը, այլ միայն պահանջել է գործել օրենքով սահմանված կարգով, ուստի` նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված հանցագործության կամ որևէ այլ հանցագործության դեպքը, որի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որոշում է կայացվել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանի ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Որոշման մեկ օրինակն ուղարկվել է Հայարփի Նորեյանին` նրան պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը:

7. 2013թ. հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քաղաքացիներ Աշոտ Խաչատրյանի, Կարեն Հարությունյանի, Սևակ Մամյանի, Միհրան Մարգարյանի, Վահագն Մինասյանի և Սարո Սարոյանի անվամբ նշված անստորագիր դիմումը, որում կոչ է արվել պետական մարմիններին ՀՀ Սահմանադրության պահանջներով առաջնորդվել և իրավունքի գերակայություն սահմանել: 

Նկատի ունենալով, որ դիմումատուներից որևէ մեկը դիմումը չի ստորագրել, իրենց հեռախոսահամարները կամ հեռախոսահամարը, ինչպես նաև հետադարձ հասցե դիմումում չեն նշել, այլ միայն դիմումի ծրարի վրա նշել են «ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր, Հատիսի փ., 1-ին նրբանցք, տուն 2, Սարո Սարոյան», ուստի դիմումն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն` նշված անձանց բնակության վայրը կամ հաշվառման հասցեները պարզելու և դիմումի կապակցությամբ համապատասխան պարզաբանում տալու նպատակով: 

8. 2013թ. հունվարի 31-ին` ժամը 17:15-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել «Ժառանգություն» կուսակցության` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատասխանատու Սեդա Մելիքյանից այն մասին, որ Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2 և 3 շենքերի մոտ մի խումբ տղաներ խոչընդոտում են իրենց քարոզարշավին` չթողնելով բնակիչներին բուկլետներ բաժանել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
9. 2013թ. հունվարի 31-ին «www.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվել է.

«Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել: 

Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու համար:
10. 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը` սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, և դիմել փախուստի:

Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով 01.02.2012թ. հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում, անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի և լրիվ ծավալով հնարավոր է իրականացնել քննչական խմբի միջոցով, ՀՀ գլխավոր դատախազի` 01.02.2013թ. ցուցումի համաձայն` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունների քննիչներից կազմվել է համատեղ քննչական խումբ, իսկ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:

Քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մ.Մարուքյանը, քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար համատեղ խմբում ընդգրկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ և ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչությունների քննիչներ և համապատասխան օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներ:

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրից առգրավվել են 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, նույն տրամաչափի 1 գնդակ էլ վիրահատության ընթացքում հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև` դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: 
Նախաքննությունը շարունակվում է:

Այսպիսով` ստացվել է 10 հաղորդում, այդ թվում` 2 հաղորդում` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից,

Ստացված 10 հաղորդումից` 

3-ին տրվել է պարզաբանում, 
1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին,
1- ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին,
5 հաղորդման քննարկումն ընթացքում է:

Հայաստանի Հանրապետության գլխավոր

դատախազության աշխատանքային խումբ

Այս խորագրի վերջին նյութերը