Լրահոս

02.02.2013 16:11


Կասեցվել է դատապարտյալին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու որոշումը

Կասեցվել է դատապարտյալին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազը, քննարկելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Լ. Խաչատրյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի` 2012թ. հոկտեմբերի 12-ի որոշման օրինականությունը, կասեցրել է դրա գործողությունը: Միաժամանակ միջնորդել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել այն:

Այսպես` Լ. Խաչատրյանը Երեւան քաղաքի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2010թ. օգոստոսի 11-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 205-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման եւ տուգանքի` 800 000 դրամի չափով: 2009թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նշված դատավճիռը թողել է անփոփոխ: Լ. Խաչատրյանը դատապարտվել է հանցանքների համակցությամբ, ընդ որում` նրա կատարած հանցագործություններից մեկը համարվում է ծանր հանցագործություն:

Դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրան մեկուսացվածության ավելի ցածր աստիճանի` բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին որոշում կայացնելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված միջնորդագիրը հիմնված չի եղել քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության, դատապարտյալի անձի եւ հանցագործության վերլուծության ու գնահատման արդյունքների վրա: Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից անտեսվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որի արդյունքում մեկուսացվածության ավելի ցածր աստիճանի տեղափոխման գործընթացում չի ապահովվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրականացումը:

Մասնավորապես` տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշվել է կիսաբաց եւ միաժամանակ նույն որոշմամբ դատապարտյալը թողնվել է կալանավորվածներին պահելու վայրում` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով, ինչը կատարվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտմամբ:

Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից անտեսվել է նաեւ դատապարտյալ Լ. Խաչատրյանի կողմից հանցագործությամբ պատճառված վնասը չհատուցած լինելու հանգամանքը: Նրան աշխատանքով ապահովելիս առաջնություն է տրվել` որպես գույքային պարտավորություններ ունեցողի: Սակայն շուրջ 1 տարի 8 ամիս ընդգրկված լինելով տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներին, դատապարտյալ Լ. Խաչատրյանը դատավճռով սահմանված հայցային պահանջների մարմանը որեւէ գումար չի ուղղել, իսկ անձնական գործում բացակայում է նման վճարում կատարելու փաստը հիմնավորող որեւէ փաստաթուղթ: Եվ միայն պատիժը կրելու համար բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխվելուց մի քանի օր առաջ պետական բյուջե է վճարել 3մլն. դրամ:


Այսպիսով` պատժի կրման ընթացքում պետությանը պատճառված 12 022 516 ՀՀ դրամի վնասից դատապարտյալի կողմից պետական բյուջե է վճարվել ընդամենը 3մլն դրամը: Մինչդեռ 2012թ. հոկտեմբերի 10-ին դատապարտյալ Լ. Խաչատրյանի կողմից ՔԿՀ-ի վարչակազմին ներկայացվել է պարտավորագիր, համաձայն որի` նա պարտավորվել է յուրաքանչյուր ամսվա 30-ին պետությանը պատճառված վնասը հատուցելու նպատակով պետական բյուջե վճարել 70 000 դրամ գումար: Սակայն 2012թ. հոկտեմբերի 26-ին դատապարտյալի կողմից վճարվել է 35 000 դրամ` 70 000-ի դիմաց, իսկ 2012թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին վճարումներ ընդհանրապես չեն կատարվել:

Բացի նշվածից, հարկ է նկատել, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքագիծը եւ ուղղման գործընթացը գնահատելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները եւ կայացրած որոշումները եղել են հակասական եւ հիմնված չեն եղել դատապարտյալի վարքի վերաբերյալ օբյեկտիվ տվյալների վրա:

Մասնավորապես` Լ. Խաչատրյանի անձնական գործում բացակայում են յուրաքանչյուր տարվա համար դատապարտյալի «Վարքի գնահատման թերթիկները», որոնք հիմք են հանդիսանում դատապարտյալին գնահատելու եւ դրա հիման վրա նրան բնութագրելու համար: Նշված հանգամանքներում դատապարտյալի անձնական գործում առկա բնութագրերը չեն կարող գնահատվել որպես օբյեկտիվ եւ հիմնավորված:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական օրենգրքի 48-րդ հոդվածով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 100-րդ, 102-րդ, 110-րդ հոդվածներով եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 3-րդ կետով եւ 30-րդ հոդվածով` հսկողություն իրականացնող դատախազը որոշել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Լ. Խաչատրյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին 2012թ. հոկտեմբերի 12-ի որոշման գործողությունը կասեցնել` միաժամանակ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդելով վերանայել հիշյալ որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը