Լրահոս

02.02.2013 13:47


Արման Մելիքյան. «Այս մահափորձով նախընտրական քարոզարշավի հանգիստ և բարեկիրթ ընթացքն ավարտվեց»

Արման Մելիքյան. «Այս մահափորձով նախընտրական քարոզարշավի հանգիստ և բարեկիրթ ընթացքն ավարտվեց»

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո ինձ անդադար հարցնում են, թե արդյոք հետևելու եմ ՀՀ Ոստիկանության հորդորին ու թիկնապահ տրամադրելու խնդրանքով կդիմեմ մեր ուժայիններին: Այսօրինակ հարցադրումն ինքնին վկայում է այն մասին, որ պետության և ազգային անվտանգության վերաբերյալ պաշտոնեական ու հանրային պատկերացումները լավագույն դեպքում սաղմնային վիճակում են: Կարծում եմ, որ մահափորձից անմիջապես հետո ու մինչ դեպքի հանգամանքների պարզվելը մեր անվտանգության մարմինները գոնե առաջինը պետք է իրազեկեին նախագահի թեկնածուներին կատարվածի մասին` թույլ չտային, որ մենք այդ մասին միայն ԶԼՄ-ներից տեղեկանայինք, և ներկայացնեին իրենց մասնագիտական դիտարկումներն ու հիմնավորումներն այն մասին, թե արդյոք անհրաժեշտ են թեկնածուների անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումներ, թե ոչ: Մինչդեռ այս հարցը թողնված է անձամբ թեկնածուների հայեցողությանը, իսկ նրանք չունեն մեր ազգային անվտանգության վախերը չափելու համար անհրաժեշտ համապատասխան տեղեկատվությունը ու ստացվում է, որ ինչ էլ լինի` թեկնածուների անձնական մեղքն է, թեև նրանց նկատմամբ ոտնձգությունները ներկայացվում են որպես մեր պետականության և, ամենակարևորը` հայրենի իշխանությունների նկատմամբ թշնամության դրսևորում: Միայն մի հիմնավորմամբ կարելի է արդարացնել ուժային կառույցների նման պահվածքը` նրանք ի սկզբանե հաստատ գիտեին, որ հանցագործությունը կապ չունի ՀՀ ազգային անվտանգության դեմ իրականացվող որևէ ծրագրի հետ և անիմաստ են համարում պետական մակարդակում անվտանգության մեզ համար տեսանելի լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելը:Առհասարակ ինձ թվում է, որ այս մահափորձով նախընտրական քարոզարշավի հանգիստ և բարեկիրթ ընթացքն ավարտվեց և առաջիկայում մենք ականատեսը կլինենք կոշտ մրցապայքարի` սև փիառի տարատեսակ դրսևորումների լայն կիրառմամբ: Այսպիսի ընթացքը դեռ հնարավոր է կանխել, սակայն դա շատ դժվար գործ է, որը կպահանջի շատերի ջանքերի համադրում ու քաղաքական նոր մտածողություն»։

Այս խորագրի վերջին նյութերը