Հարցազրույց

22.06.2009 17:36


Արմեն Մանվելյան.

Արմեն Մանվելյան.

Հարցազրույց Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետի պաշտոնակատար Արմեն Մանվելյանի հետ

-Հայաստանում գործում է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը։ Ստեղծվում է Արմենական-Ռամկավար ազատական կուսակցություն։ Իմաստն ու նպատակը ո՞րն է։ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը միանշանակ պնդում է, թե նորաստեղծ կուսակցության ստեղծումը իշխանական ծրագիր ու խարդավանք է։

-Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ստեղծումը ամենևին ուղղված չէ ՀՌԱԿ-ի դեմ։ Սա Հայաստանում և Սփյուռքում ստեղծված իրավիճակով պայմանավորված գործընթաց է։ Ի սեր Աստծո, մենք ո՛չ Հարություն Առաքելյանի, ո՛չ էլ ՀՌԱԿ կուսակցության դեմ ոչինչ չունենք։ Դրսում կար պահանջ՝ համակարգել կուսակցությունը Հայաստանում։ Ռամկավար ազատական կուսակցությունն արդեն պառակտված է տարբեր մասերի։ Կան տարբեր շրջանակներ, ասենք՝ Բեյրութի, Ամերիկայի, Կանադայի, որոնք միմյանց հետ շատ թույլ կապ ունեն, չեն ճանաչում կենտրոնական վարչություն կոչված մարմինը։ Կենտրոնացնելով Հայաստանում՝ կուսակցությունը միավորելու գաղափար կար։ Այսքանը։

-Իսկ ինչո՞ւ նույն անվամբ երկրորդ կուսակցությունն է ստեղծվում։

-Կուսակցությունը Արմենական է կոչվում։ Մենք փորձում ենք իրականացնել Սփյուռքի կուսակցության պահանջը։ Ընդ որում, սա մի գործընթաց է, որը ժամանակին առաջարկվել էր ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանին։ Նրանք դա չեն իրականացրել և չեն էլ ցանկացել։

-Հարություն Առաքելյանը պնդում է, թե նորաստեղծ կուսակցությունը վարչապետի նախագիծն է...

-Դա ընդամենը ասեկոսեների մակարդակի խոսակցություն է։

-Կուսակցության հիմնադիր համագումարին շնորհավորական ուղերձ էին հղել ՌԱԿ Արևելյան Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունները։ Սակայն Հարություն Առաքելյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել է, որ դրանք լուծարված են և գոյություն չունեն։

-Ռամկավար ազատական կուսակցությունում գործում է վիրտուալ ինչ-որ մի վարչություն, որը չունի գրասենյակ, չունի նստավայր։ Եվ շրջանակները, որոնք նրանց դուր չեն գալիս, լուծարում են և իրենցից գոհ՝ ման են գալիս։ Արևելյան Ամերիկայում գործում է 8 ակումբ, որ հին ավանդույթներ ունեն, կամ Բեյրութի ակումբները...  Հիմա նրանք կարող են նստել և իրենց մեջ որոշել, որ այդ ակումբները լուծարված են։ Այս ամենի մեջ լրջություն չկա։

-Այնուհանդերձ,  Հորդանանում տեղի էր ունեցել ՌԱԿ համագումարը, որին մասնակցում էին քսան երկրների պատվիրակներ, և որին շնորհավորական ուղերձ էր հղել երկրի նախագահը։

-Ես նայել եմ պատվիրակների ցանկը։ Այնտեղ նշված էր, որ պատվիրակ կար Դուբայից։ Դուբայում ՌԱԿ ոչ մի շրջանակ չկա։ Իրաքից երկու հոգի էր եկել և այլն... Այսինքն, ինչ-որ մարդկանց են հավաքել և անանուն համագումար են արել։ Համագումարը պետք է արվեր Երևանում։ Եվ կուսակցության գործող շրջանակները հստակ պահանջ էին դրել՝ կազմակերպեք Երևանում, և մենք բոլորս կմասնակցենք։ Բայց այստեղ ինչ-որ փառասիրության հարց է, որ վախենում են, թե կենտրոնական վարչության ատենապետ կընտրվի ոչ այս մեկը, այլ՝  մյուսը։ Եվ նրանք գնացին Հորդանան, որտեղ ընդամենը 2000 հայ կա։ Եվ այնտեղ, բոլորի աչքից հեռու, ինչ-որ համագումար արեցին։

-Կրկին ուզում եմ մեջբերել ՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանին։ Նա պնդում է, թե Արմենական-ռամկավար ազատական կուսակցության ստեղծման գաղափարն առաջացավ այն բանից հետո, երբ ՌԱԿ-ը պահանջեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականն ու Թուրքիայի հետ «ողջագուրման» գործընթացը գնահատեց բացասական ...

-Նրանք շատ բան կարող են պահանջել։ Նրանք իրենցից ի՞նչ են ներկայացնում։ Վերջին վեց տարվա ընթացքում լուրջ գործընթացներ և համապետական ընտրություններ են եղել։ Ձեզ մինչև հիմա հայտնի եղե՞լ է, թե նրանք այս կամ այն հարցում ի՞նչ դիրքորոշում են ունեցել կամ ինչո՞ւ չեն մասնակցել ընտրությաններին։

-Այդ դեպքում, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես՝ իշխանությունների ներկայիս քաղաքականության վերաբերյալ։

-Կուսակցությունը դեռևս չի գրանցվել։ Մենք երկար քննարկումների խնդիր ունենք։ Հավատացնում եմ Ձեզ, որ մենք բոլոր հարցերին ժամանակին կպատասխանենք։ Մենք կներկայացնենք կուսակցության դիրքորոշումը և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության վերաբերյալ՝ սկսած մարտի 1-ից, վերջացրած ղարաբաղյան հիմնախնդրով։ Քաղաքական դաշտ է մտնում նոր կուսակցություն, որը հայտնելու է իր դիրքորոշումը բոլոր հարցերում։

-Ավանդական կուսակցության գիծը պահպանելո՞ւ եք։

-Ես դժվարանում եմ պատասխանել, թե ի՞նչ է նշանակում ավանդական կուսակցության գիծ։ Ասեմ, որ Արմենականը նախ և առաջ հայաստանյան կուսակցություն է, և շատ հարցերին մենք կպատասխանենք քննարկումներից հետո։ Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել։

-Իսկ կուսակցության ծրագրում ամրագրված չէ՞, թե ինչպիսին է լինելու դիրքորոշումը նույն Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում։

-Կրկնում եմ, այս և այլ առանցքային հարցերի պատասխանը կտրվի միայն քննարկումներից հետո։ Որպես միջազգայնագետ՝ ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը...

-Ասե՛ք։

-Դա արդեն կլինի Արմեն Մանվելյանի, այլ ոչ թե՝ կուսակցության կարծիքը։ Եկեք առայժմ ձեռնպահ մնանք... Ես խոսք եմ տալիս, որ ժամանակին ձեր կայքէջին ավելի լայն հարցազրույց կտամ։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը