Լրահոս

31.01.2013 17:34


Տեղի է ունեցել «Հայազն» կուսակցության հիմնադիր համագումարը

Տեղի է ունեցել «Հայազն» կուսակցության հիմնադիր համագումարը

Հունվարի 31-ին, Երևանում,Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ «Հայազն» կուսակցության հիմնադիր համագումարը :
Նախ ընդունվեց կուսակցության կանոնադրությունը, որը մշակվել ու ձևակերպվել էր Ծաղակաձորում կուսակցության կայացած եռօրյա հավաքի ժամանակ: 
Համագումարը նախագահում էր Արմեն Հովհաննիսյանը, քարտուղար` Աշոտ Գրիգորյան: Հաշվիչ հանձնախմբի նախագահ ընտրվեց Հովհաննես Նալբանդյանը, անդամներ` Կարեն Մեժլումյանը, Արսեն Սարգսյանը:
Ելույթներով հանդես եկան Արմեն Մկրտչյանը, Արմեն Աղայանը, Դավիթ Խոսրովյանը, Հայկ Ղազարյանը, Ալեքսանդր Քանանյանը:
Կուսակցության ղեկավար մարմնի` Վարչության անդամներ ընտրվեցին Արմեն Մկրտչյանը, Արմեն Աղայանը, Դավիթ Խոսրովյանը, Հայկ Ղազարյանը, Ալեքսանդր Քանանյանը, Հովհաննես Եղյանը, Խորեն Հարությունյանը: Վերահսկիչ Մարմնի անդամներ ընտրվեցին` Արսեն Սարգսյանը, Հովհաննես Նալբանդյանը,Սերգեյ Կարապետյանը:
«Հայազն» կուսակցության հիմնական նպատակը ազգային պետականակերտման լայնածավալ, այդ թվում սահմանադրական բարեփոխումների իրականացումն է, որը ենթադրում է պետականության հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Հայոց ազգային նկարագրին, հոգևոր արժեքների համակարգին, արդարության և բարոյականության պատկերացումներին, ինքնակազմակերպման և հավաքաբար գործելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաև պատմական արդի ժամանակաշրջանի մարտահրավերներից բխող հիմնախնդիրներին:

Կուսակցությունը դեմ է ազգային ինքնիշխանության սահմանափակմանը, վերպետական որևէ կառույցում Հայաստանի ներգրավմանը: Արցախի խնդրի լուծումը տեսնում է տարածքի բնակեցման, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնման, Արցախը ՀՀ-ից անջատող ակտերի վերացման, իսկ նոր պատերազմի դեպքում բնական և անվտանգ սահմանի վերականգնման միջոցով: Արևմտյան Հայաստանի հարցում մերժում է ներկա բաժանարար գիծը սահման ճանաչելու փորձերը և պահանջում է Ցեղասպանության տարածքային հատուցում: Պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու ջավախահայության իրավունքը: 

Համագումարի ընթացքում հայտարարվեց,որ կուսակցության մոտակա քաղաքական քայլերն են լինելու նախագահական ընտրություններին Բոլորին Դեմ-ի կոչով հանդես գալը, մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությանը մասնակցության հարցը քննարկելը:
«Հայազն» կուսակցության մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը