Լրահոս

31.01.2013 13:59


Նարինե Մկրտչյանը վիճարկում է իր նկատմամբ կիրառված ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդվածների սահմանադրականությունը

Նարինե Մկրտչյանը վիճարկում է իր նկատմամբ կիրառված  ՀՀ  Ընտրական օրենսգրքի հոդվածների սահմանադրականությունը

ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Նարինե Մկրտչյանը հունվարի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան: Հունվարի 21-ին Վարչական դատարանը մերժել է նրա հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, որով բողոքարկվում էր ԿԸՀ  թիվ  22-Ա որոշումը:  Նարինե Մկրտչյանը վիճարկում է իր նկատմամբ կիրառված  ՀՀ  Ընտրական օրենսգրքի 24-րդ, 80-րդ հոդվածների և 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունների «կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները» բառերի, 38-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականությունը` ՍԴ-ին  խնդրելով դրանք ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր` հիմնվելով Սահմանադրության 6-րդ հոդվածի վրա, որով սահմանվում է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժ ունենալու և դրա նորմերի անմիջականորեն գործելու, օրենքների նկատմամբ միջազգային պայմանագրերի գերակայության դրույթը, ինչից բխում է, որ Սահմանադրության 14.1 և 50-րդ հոդվածներով սահմանված դրույթները պետք է գործեն անմիջականորեն:   ՀՀ  Ընտրական օրենսգրքի (ԸՕ) հիշյալ դրույթները հակասում են նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է ՀՀ նախագահ ընտրվելու համար նախատեսված չափորոշիչները` չնախատեսլով այլ արգելք, գրավ, գումարային կամ այլ սահմանափակումներ:  ԸՕ 82-րդ հոդվածը որպես թեկնածուի գրանցումը մերժելու հիմքերից մեկն է դիտում հենց Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Վիճարկվող դրույթները պարունակում են Սահմանադրությամբ չնախատեսված լրացուցիչ սահմանափակումներ, ինչը հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածին:

     ԸՕ հիշյալ դրույթները հակասում են նաև Սահմանադրության 14.1 հոդվածի դրույթներին, քանի որ թեկնածուին ուղղակիորեն ֆինանսական (տվյալ դեպքում` ընտրագրավի տեսքով) պահանջի ներկայացումը, ըստ էության, պայմանավորում է թեկնածուի գրանցումը նրա գույքային դրությամբ և խտրականություն  է սահմանում  հնարավոր թեկնածուների միջև:  Ընտրագրավի 8 միլիոն դրամ սահմանված չափը  վերածվում է գույքային ցենզի, քանի որ համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 35000 ՀՀ դրամի չափով, իսկ միջին աշխատավարձը, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, կազմում է 114000 ՀՀ դրամ, ինչը փաստացի անհնարին է դարձնում մեծ նյութական կարողությունների չտիրապետող անձանց առաջադրումը: Համաձայն ԸՕ 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն». այս դրույթն  ընտրությունների հիմունքներից մեկն է և ամրագրում է անձի ընտրելու և ընտրվելու իրավունքը` անկախ գույքային վիճակից: 

    Նարինե Մկրտչյանը պնդում է, որ  ԸՕ  24-րդ, 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունները, 38-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 6-րդ, 14.1 և 50-րդ հոդվածներին:

 

Այս խորագրի վերջին նյութերը