Լրահոս

31.01.2013 10:56


Դատախազության պարզաբանումը

Դատախազության պարզաբանումը

Մամուլը վերջին օրերին բազմիցս անդրադարձել է 2010թ. նոյեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի «Օազիս» սրճարանի դիմաց Ա. Փիրիխանյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին` վիճարկելով տվյալ գործով որպես մեղադրյալ ներգրավված Շ. Մանուչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունն ու հիմքերը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` պարզաբանում ենք, որ Ա. Փիրիխանյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նույն օրը ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2010թ. նոյեմբերի 4-ին որոշում էր կայացվել Շ. Մանուչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2012թ. մայիսի 30-ին Շ. Մանուչարյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին եւ նույն օրը քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հետաքննության մարմնին տրվել են մի շարք հանձնարարություններ, նշանակվել են համալիր դատաձգաբանական, դատաբժշկական, դատաքիմիական, տեսաձայնագրային փորձաքննություններ: Սակայն քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի գնահատմամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել` նկարագրված արարքը Շ. Մանուչարյանի կողմից կատարելու վերաբերյալ եւ նման պայմաններում դեռեւս հնարավոր չէ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկել: Դատախազի` 2013թ. հունվարի 28-ի որոշմամբ Շ. Մանուչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում:

Նշենք, որ մինչ այդ մամուլում եղել էին նաեւ ականատես վկայի ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ առնող հրապարակումներ: Ըստ այդմ տեղեկացնում ենք, որ 2013թ. հունվարի 16-ին հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել քննիչին` մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ: Բացի այդ, մարզի դատախազը գրավոր ցուցում է տվել ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետին` միջոցներ ձեռնարկել` պարզելու որպես ականատես վկա հարցաքննված անձանց` դեպքին իրականում ականատես լինելու հանգամանքը եւ նրանց ցուցմունքների հավաստիությունը, ապահովել դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունը:

Այս խորագրի վերջին նյութերը