Լրահոս

30.01.2013 17:22


Ատենախոսության հրապարակային պաշտպանություն ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում

Ատենախոսության հրապարակային պաշտպանություն  ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում

2013թ. հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվ. Ազգային ռազմավարա­կան հետազոտութ­յունների ինստիտուտում (ԱՌՀԻ) գործող ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» 056 մասնագիտական խորհրդի նիստը, որի օրակարգում Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի Յուրգինի տեխնոլոգիական ինստիտուտի (մասնաճյուղի) հումանիտար կրթության և օտար լեզուների ամբիոնի դոցենտ, նախկինում` Ստեփանակերտում տեղակայված խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի սպա Վլադիմիր Ալեքսեյի Պոնոմարյովի` ԻԳ.00.04 «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկա­յացված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկան (1988-1994 թթ.)» ատենա­խոսության հրապա­րա­կային պաշտպանութ­յուն է եղել:

Ատենախոսության գիտական ղեկավարն է ԳԱԱ թղթակից անդամ, ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը: Այն արծարծում է Լեռնային Ղարաբաղում էթնոքաղաքական հակամարտության առաջացման նախադրյալները և պատմական պայմանները, հակամարտության զարգացումը խորհրդային պետականության ճգնաժամի պայմաններում և ԼՂՀ հռչակումը, Ադրբեջանի կրած ռազմական պարտությունը և Լեռնային Ղարաբաղի հաղթանակը: 

Լինելով հիմնախնդրի ծագման անմիջական ականատես` հեղինակը, գիտնականին բնորոշ անաչառությամբ և ակադեմիական պահանջներին համապատասխան աղբյուրագիտական պատկառելի հենքով ուսումնասիրել է արցախահայության համար կարևորագույն այս ժամանակաշրջանը: Նրան հաջողվել է օբյեկտիվորեն և հիմնավորված կերպով հերքել հիմնախնդրի ծագման և ընթացքի վերաբերյալ ադրբեջանական գիտաքարոզչական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված առանցքային վարկածները, մասնավորապես` Խոջալուի դեպքերի վերաբերյալ: Հետազոտությունը արժեքավոր է նաև նրանով, որ հեղինակը մեծ ուշադրություն է դարձրել Արցախի պետականության ստեղծման և կայացման հիմքում ընկած պատմաքաղաքական գործընթացներին և, հատկապես` իբրև ԼՂՀ ստեղծման օրինական հիմք հանդիսացող համաժողովրդական հանրաքվեի անցկացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը