Լրահոս

30.01.2013 20:06


Երևանում բրիտանական Candoco ներառական պարային խումբը կանցկացնի վարպետության երկօրյա դասընթաց

Երևանում բրիտանական Candoco ներառական պարային խումբը կանցկացնի վարպետության երկօրյա դասընթաց

Հունվարի 31-ին Երևանում Միացյալ Թագավորության Candoco պարային խմբի անդամները, Գյումրիի եւ Երեւանի խուլ պարողները ու «Միհր» թատերական խմբի ներկայացուցիչները լրագրողների համար կներկայացնեն պարային համարներ: Candoco պարային խումբը Միացյալ Թագավորությունում ներառական պարարվեստի ոլորտի առաջատարներից է, որի դասընթացավարները կանցկացնեն երկօրյա վարպետության դասընթաց:

«Candoco-ն ապացուցեց, որ վիրտուոզ պար ցուցադրելը որեւէ մեկի մենաշնորհը չէ: Նրանց բեմադրած պարը գրավչության եւ խիզախության միավորում է»,-գրում է The Guardian-ը:

Candoco ներառական պարային ընկերությունը հիմնադրվել է 1991թ., որի կազմում ընդգրկված են նաեւ հաշմանդամություն ունեցող պարողներ: Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները եւ արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին:

Երեւանի խուլերի սպորտի եւ մշակույթի պալատին կից արդեն հինգ տարի է գործում է ինքնագործ պարի խումբ: Հայկական ժողովրդական պարային համարներով նրանք հանդես են եկել բարեգործական համերգներով, բայց եւ փորձում են նոր պարեր բեմադրել այլ ժանրերում եւս: Գյուրիում եւս նմանատիպ խումբ է գործում: Սիրողական այս խմբի անդամներն ակտիվ համերգային ծրագրերով հանդես չեն գալիս, սակայն ասում են, որ կանոնավոր պարապում են եւ փորձում նոր պարային համարներ բեմադրել:

Հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին Երեւանի խուլերի սպորտի եւ մշակույթի պալատին կից ինքնագործ խմբի անդամներն ու Գյումրիի խուլ պարողները  «Միհր» թատերական խմբի ներկայացուցիչների հետ կմասնակցեն Միացյալ Թագավորության Candoco պարային խմբի դասընթացներին: Candoco պարային խմբի ներկայացուցիչներ Վելլի Օ’Բրայենը եւ Քրիս Օուենը հայ մասնակիցներին կծանոթացնեն ընկերության փորձին, կուսուցանեն ժամանակակից պարային տեխնիկաներ` հնարավորություն տալով մասնակիցներին բացահայտելու նոր գաղափարներ եւ բեմադրելու սեփական համարները: Ներառական պարի դասընթացներից հետո մարտին խումբը Երեւանում հանդես կգա համերգներով:

Դասընթացավարներն են`

Վելլի Օ’Բրայենն սկսել է համագործակցել Candoco-ի հետ 1998 թվականին, իսկ 2000-ին դարձել է ընկերության լիիրավ անդամը: Նա Candoco-ի հետ համագործակցությամբ հանդես է եկել միջազգային ճանաչում ունեցող բեմադրություններում եւ կարեւոր դեր է կատարել ընկերության լայնածավալ կրթական ծրագրերի տարածման գործում:

Քրիս Օուենն ուսանել է ժամանակակից պարի Հյուսիսային դպրոցում, այնուհետեւ` Լոնդոնի ժամանակակից պարի դպրոցում: Ավարտելուց հետո նա աշխատել է բազմաթիվ պարային ընկերությունների հետ: Քրիս Օուենը Candoco-ի գործընկերներից է եւ վերապատրաստման դասընթացներ է անցկացնում տարբեր երկրներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանին `055 00 88 58, 010 55 29 45 (109), [email protected] կամ այցելեք www.britishcouncil.am կայքը:

Այս խորագրի վերջին նյութերը