Տնտեսական

29.01.2013 11:41


Նախորդ տարվա դեկտմեբերին աճել են հագուստի, վառելիքի, դեղորայքի, մսամթերքի և անգամ կոշիկի վերանորոգման գները

Նախորդ տարվա դեկտմեբերին աճել են հագուստի, վառելիքի, դեղորայքի, մսամթերքի և անգամ կոշիկի վերանորոգման գները

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012թ. դեկտեմբերին՝ նոյեմբեր ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսի հավելաճը կազմել է 2,1%:

Այդ թվում պարենային ապրանքները թանկացել են 4,0%–ով, հագուստն ու կոշիկը՝ 0,5%–ով, բնակվարձը, վառելիքը, էլեկտրաէներգիան՝ 0,2%–ով, բուժսպասարկումը և դեղորայքը՝ 0,7%–ով,  մշակույթի ապրանքները և ծառայությունները՝ 0,9%–ով։

Նոյեմբերի համետատ դեկտեմբերին չեն աճել միայն ոգելից խմիչքի, ծխախոտի, տնային գործածության ապրանքների և տրանսպորտի ու կապի գները։

Ավելի որոշակի՝ նախորդող ամսվա համեմատ 2012թ. դեկտեմբերին հացամթերքի գնի հավելաճը կազմել է 1,1%, մսամթերքինը՝ 1,0%, ձկնամթերքինը՝ 0,2%, կաթնամթերքինը՝ 1,0%, ձվինը՝ 3,8%, կենդանական և բուսական յուղինը՝ 1,8%, մրգի գինն ավելացել է 5,3%–ով, բանջարեղենինն ու կարտոֆիլինը՝ 31,2%–ով, սուրճի, թեյի, կակաոյի գինը՝ 0,2%–ով, հրուշակեղենինը՝ 1,2%–ով, ոչ ոգելից խմիչքինը՝ 0,1%–ով։

Ըստ պաշտոնական տվյալների՝ շաքարավազի գինը նվազել է 5,0%–ով։ Նվազել են նաև կանանց, տղամարդկանց և մանկական կոշիկների գները, փոխարենը հագուստի գներն աճել են։ 0,6%–ով նվազել են նաև կահույքի, իսկ 1,6%–ով՝ կենցաղային էլեկտրաապրանքների գները։ Նվազել են նաև լվացող միջոցների, այգեգործական ապրանքների, գրենական պիտույքների, հանգստի կազմակերպման գները։

Վառելիքի գինը նոյեմբերի համեմատ դեկտեմբերին աճել է 1,4%–ով, գորգեղենինը՝ 0,2%–ով, տեքստիլեղենինը՝ 0,8%–ով, խոհանոցային սպասքինը՝ 0,3%–ով, դեղամիջոցներինը՝ 0,7%–ով, գեղահարդարման ապրանքներինը՝ 0,4%–ով, ոսկերչական ապրանքներինը՝ 0,2%–ով, կոշիկի վերանորոգման գները՝ 0,1%–ով, հագուստի կարինը՝ 1,3%–ով, կենցաղային սարքերի նորոգման գները՝ 0,5%–ով, լվացքատան և քիմմաքրման՝ 0,7%–ով, վարսավիրանոցային ծառայություններինը՝ 0,2%–ով, բուժսպասարկմանը՝ 0,7%–ով, տրանսպորտինը՝ 0,7%–ով, իրավական և բանկային ծառայությունների գները՝ 0,4%–ով։

Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի համեմատ սպառողական գների ամենաբարձր հավելաճը գրանցվել է Էջմիածնում (Վաղարշապատ), որին հաջորդում է Երևանը, այնուհետև՝ Թալինը։

Սպառողական գներն ամենաքիչն աճել են Դիլիջանում, այնուհետև՝ Կապանում։

Իսկ եթե համեմատելու լինենք 2011թ. դեկտեմբերի հետ (100,0), ապա 2012թ. նույն ժամանակաշրջանում սպառողական գների ինդեքսը կազմել է 103,2։

ՀՀ–ում 2013թ. հունվարի սպառողական գների ինդեքսը ազգային վիճագրական ծառայությունը կհրապարակի այս տարվա փետրվարի 11-ին։

Սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ կատարվում է սպառողական գների (սակագների) ամենամսյա դիտարկում: Սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար ՍԳԻ-ի զամբյուղում ներառված է 470 ապրանք-ծառայություն: Գները դիտարկվում են յուրաքանչյուր ամսվա համար 3 անգամ՝ տվյալ ամսվա 1-ին, 10-ին ու 20-ին և մոտակա օրերին։ Դիտարկումը կատարվում է նախապես ընտրված 9-12 բազային առևտրի և ծառայությունների կազմակերպություններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը