Լրահոս

22.06.2009 13:20


Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդ. «Քեզ էլ ինչ–որ մեկը եթե վերջին խոսքերով հայհոյի ու քո տուն ցանկանա հյուր գալ, դու էլ չես թողնի»

Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդ. «Քեզ էլ ինչ–որ մեկը եթե վերջին խոսքերով հայհոյի ու քո տուն ցանկանա հյուր գալ, դու էլ չես թողնի»

-Եթե Հայաստանի մասին էլ ինչ-որ մեկն այդպիսի հայտարարություններ աներ, Հայաստանն էլ կարգելել նման մարդու մուտքն իր տարածք,- «7օր»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մասին նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդական, «Վրաստան» հայալեզու թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդը։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շ. Թորոսյանին արգելել էին հատել Վրաստանի սահմանը։

Վան Բայբուրդը տեղի ունեցածը դատապարտում է, սակայն նաև տրամաբանական է համարում, որ տվյալ երկիրն իրավունք ունի չթույլատրել մի անձնավորության մուտքը, որն իր հացսեին վերջին հայհոյանքներն է հնչեցնում և զրպարտում է։

-Վերջերս նաև Կոնստանտին Զատուլինին էին արգելել մուտք գործել Ուկրաինա։ Այդպիսի բաներ պատահում են ոչ միայն Ուկրաինայում և Վրաստանում, այլև շատ երկրներում. երբ որ անձնավորությունն իրեն ոչ կոռեկտ է պահում այդ երկրի հանդեպ, վերջինը նրան չի ընդունում։ Սա ո՛չ Վրաստանն է հորինել, ո՛չ էլ՝ Ուկրաինան։

Վ. Բայբուրդը մասնավորապես զրպարտանք և վիրավորական է համարում Ջավախքի սոցիալ-տնտեսական վիճակին, հայաթափությանը և այն վրացական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված լինելուն վերաբերող՝ Շ. Թորոսյանի հայտարարությունները։ Իսկ իրականում, Մ. Սահակաշվիլիի խորհրդականի խոսքերով, Վրաստանը ջավախահայությանը միջնակարգ կրթություն է տալիս, իսկ հետո նրանք մեկնում են Հայաստան, բուհ են ավարտում, ամեն մեկն իր տաքուկ տեղն է գտնում և այլևս չի վերադառնում Վրաստան.

- Վրաստանի մասին Շիրակ Թորոսյանի հայատրարություններն 90 %-ով չեն համապատասխանում իրականությանը։ Դա բոլորը գիտեն։ Եվ պատահական չէ, որ Ախալքալակի և Նինոծմինդայի հասարակությունը մի քանի անգամ տեղի հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել և իր զայրույթն արտահայտել Շիրակ Թորոսյանի հայտարարությունների մասին։ Ինչպե՞ս կարելի է նման հայտարարություն անել։ Իսկ թե ինչպե՞ս է նա որակում իր խորհրդարանական գործընկերներին, որ նույն խմբակցությունից են, ձեր մազերը բիզ-բիզ կկանգնեն։ Իմ կարծիքով՝ նա ուղղակի իրականությունից կտրված մարդ է։ Իհարկե, ես ցավում եմ, որ չեն թողել Վրաստան։ Լավ կլիներ, որ թողնեին և այստեղ հանդարտ բացատրեին ու ասեին՝ ինչո՞ւ ես դու՝ Շիրակ Թորոսյան, քեզ թույլ տալիս հորինել ինչ-որ բաներ։

Ինչ վերաբերում է ջավախահայության և վիրահայության 75 ուսուցիչների հետ կապված միջադեպին, երբ նրանց Վրաստանից արգելել էին վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար ժամանել Հայաստան, Վ. Բայբուրդը նշել է, որ մանրամասներին ծանոթ չէ, բայց ոչ մի խոչընդոտ չի տեսնում և կարծում է, որ նրանք հետագայում կկարողանան գալ Հայաստան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը