Լրահոս

26.01.2013 09:23


ՀԱԿ ակտիվիստների վճռաբեկ բողոքը վերադարձվել է փոփոխելու համար

ՀԱԿ ակտիվիստների վճռաբեկ բողոքը վերադարձվել է փոփոխելու համար

Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով վճռաբեկ բողոքը դատարանը վերադարձրել է՝ 20-օրյա ժամկետ տալով հայցում առկա թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը։

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2012թ. վճռով՝ ՀԱԿ ակտիվիստները դատապարտվել են 2-6 տարի ազատազրկման պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության սպառնալիքի և կոպիտ դիմադրության և խուլիգանության մեղադրանքով։ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:

Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նոյեմբերի 13-ին մերժվել է, իսկ դեկտեմբերի 23-ին չորս երիտասարդները դիմել են Վճռաբեկ դատարան։

Հունվարի 23-ին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ՀԱԿ ակտիվիստների գործի վերաբերյալ նամակ է ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որով իր մտահոգությունն է հայտնում այս գործով արդյունավետ հետաքննության պակասի համար։

«Մենք շատ մտահոգված ենք չորս ամբաստանյալների նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի և այդ վկայությունների առնչությամբ արդյունավետ հետաքննության բացակայության կապակցությամբ»,– գրված է նամակում:

Կազմակերպությունը հույս է հայտնում, որ Վճռաբեկ դատարանը գործը վերանայվելիս ուշադիր կհետազոտի նյութերը և իր վճիռը կկայացնի՝ ելնելով մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններից:

Նամակը ստորագրված է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենի տեղական Ռեյչլ Դենբերի անունով։

 Աղբյուրը՝ www.hra.am

Այս խորագրի վերջին նյութերը