Լրահոս

23.11.2010 10:37


Կիրո Մանոյան. «Ավելի լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը գնար…»

Կիրո Մանոյան. «Ավելի լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը գնար…»

Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չմեկնելը' ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «7օր»-ին ասել է, թե նախքան նախագահի գնալ-չգնալուն գնահատական տալը՝ պետք է գնահատել այն փաստը, որ հայկական կողմը չի հաջողել ՆԱՏՕ-ին համոզել, որ այդ դրույթը փոփոխության ենթարկի, ինչը վկայում է հայկական դիվանագիտության ձախողման մասին։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ամրագրվել էր տարածքային ամբողջականության սկզբունքը։

-Այն, որ Հայաստան-Թուրքիա արձանագրություններն իբր բարձրացրել են մեր վարկը և այլն, ստացվում է, որ այդպես չէ։ Մեզ գովաբանում են, երբ իրենց ուզածն ենք անում, բայց երբ մեր շահերն ենք պաշտպանում, չեն լսում։ Ուրեմն ինչ-որ հակազդեցություն պետք էր ցույց տալ, բայց միշտ չէ, որ դիվանագիտության մեջ ինքնամեկուսացումն անպայման լավագույն տարբերակն է։ Այլ տարբերակ կարող էր լինել, օրինակ՝ եթե ՀՀ նախագահը գնար, բայց գնալիս հայտարարեր, որ Հայաստանը հետ է վերցնում իր ստորագրությունը հայ-թրքական արձանագրություններից։ Կարծում եմ՝ այն ժամանակ մի քիչ ավելի լուրջ կսկսեին նայել մեզ,-ասել է Կիրո Մանոյանը։

Տեղում պարզ դիրքորոշում արտահայտելն այդքան էլ իմաստ չունի, ըստ Կիրո Մանոյանի, քանի որ դիրքորոշումը գնալ-չգնալով էլ կարտահայտվեր, սակայն նրանք պետք է տեսնեին, որ Հայաստանը կարող է նաև լուրջ քայլերի գնալ, երբ իրենք բացարձակապես անտեսում են հայկական կողմի տեսակետը։

-Պետք էր ինչ-որ հակազդեցություն ցույց տալ, և չգնալով՝ պետք էր ցույց տալ, բայց ավելի լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը գնար և ստորագրությունը հետ վերցներ,-ընդգծել է նա և հավելել, որ պետք է նաև գնահատվեր ՆԱՏՕ-ի անդամ պետություների կեցվածքը, որը հակասության մեջ է եռակողմ իրենց կեցվածքի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը