Լրահոս

25.01.2013 19:05


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջեւ կնքվեց համագործակցության համաձայնագիր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջեւ կնքվեց համագործակցության համաձայնագիր

Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) եւ ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) (ք. Դուբնա) միջեւ կնքվեց գիտության, նորամուծությունների և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր: Այն ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը եւ ՄՀՄԻ-ի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Մատվեևը: Համագործակցության ուղղություններն են` տարրական մասնիկների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, խտացված վիճակի ֆիզիկայի, նյութաբանության, նանոտեխնոլոգիաների, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ հետազոտությունների զարգացման ուղղությամբ համադասված գործողությունների եւ փոխհամաձայնեցված միջոցների ձեռնարկումը, համատեղ գիտական խմբերի եւ կոլեկտիվների ստեղծումը եւ այլն:

 

Ինչպես հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, դեռ խորհրդային տարիներից սկսած լավ նախադրյալներ կան համագործակցության համար: Հայ ֆիզիկոսները մասնակցում են ՄՀՄԻ-ի ծրագրերի իրականացմանը, գիտաժողովներին, փորձի փոխանակմանը: Ներկայումս ՄՀՄԻ-ում աշխատում են ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտնականները: ՄՀՄԻ-ի տնօրեն Վիկտոր Մատվեևը ներկայացրեց հեռանկարային գիտական ուղղությունները, որոնք այժմ առաջնահերթային են ՄՀՄԻ-ի համար եւ հայ գիտնականներին հրավիրեց մասնակցել ինստիտուտի աշխատանքներին: Ռադիկ Մարտիրոսյանը Վիկտոր Մատվեևին հրավիրեց մասնակցելու ՀՀ ԳԱԱ-ի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնք տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին:

Այս խորագրի վերջին նյութերը