Լրահոս

25.01.2013 00:18


Վահագն Չախալյանն իր շնորհակալությունն է հայտնել Վրաստանի նոր իշխանություններին

Վահագն Չախալյանն իր շնորհակալությունն է հայտնել Վրաստանի նոր իշխանություններին

Հունվարի 24-ին կալանավայրից ազատվեց ջավախքահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, վերստին ազատության մեջ է հայ մեծանուն և նվիրյալ գործիչը, արդարության համար անվեհեր մարտիկը, ով 2001 թվականից նվիրվելով հասարակական կյանքին, գործել է Ջավախքում հայոց եկեղեցիների պահպանության, դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման, ջավախքահայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր գտնվում էին ք. Ռուսթավի թիվ 1 կալանավայրի բակում, քաղբանտարկյալը ուղևորվեց Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության, վիրահայ համանքի և հասարակայնության ներկայացուցիչների հետ: Վահագն Չախալյանին ջերմորեն դիմավորեցին ընդամենը 10 օր առաջ կալանավայրից ազատված հայազգի քաղբանտարկյալներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:

Սրբազան Հայրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացրեց և օրհնեց ազատություն վերադարձած Վահագն Չախալյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները: Նա շնորհավորեց և իր հոգևոր խոսքով բարեմաղթեց երիտասարդին, ով ինչ-որ մարդկանց քմահաճույքով և կեղծ մեղադրանքներով 4 ու կես տարի կորցրեց ազատությունը, կտրվեց հարազատներից ու ընտանիքից, գտնվելով կալանավայրում: Բազմաթիվ անգամ կենաց և մահու օրեր ապրած Չախալյանը, սակայն, ամուր մնաց՝ կռիվ տալով կյանքի և ապրելու համար, ապրելու՝ հանուն այն գաղափարների, որոնք կիսատ էին մնացել: Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը արժևորեց այն, որ Վահագն Չախալյանի արդար գործի համար պայքարում էին ոչ միայն Ջավախքում, Վրաստանում և մայր Հայրենիքում, այլև ողջ Սփյուռքում, Չախալյանին գնահատելով որպես հոգևոր նահատակ, ով պատիժ է կրում ճշմարտության համար:

Հեռախոսով Վահագն Չախալյանին իր Հայրապետական օրհնությունը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Չախալյանն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին, նրա հայրական խնամքի և ուշադրության համար:

Վահագն Չախալյանն երախտագիտության խոսքեր ուղղեց Վեհափառ Հայրապետին, Վիրահայոց Թեմի Առաջնորդին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, բոլոր նվիրյալ հայորդիներին, ովքեր մշտապես այցելել են նրան կալանավայրում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին, Մայր Հայրենիքին և միջազգային հանրության, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին նրա ազատման գործում: «Իմ պայքարը եղել է հանուն արդարության, մեր պարտքն է մնալ մեր Եկեղեցուն հավատարիմ, մեր լեզվին և մեր ժողովրդին նվիրված և այդ գաղափարները փոխանցել մեր սերունդներին-ասաց Վահագն Չախալյանը:

Այնուհետև Վահագն Չախալյանն ուղևորվեց Վրաստանում ՀՀ դեսպանություն, որտեղ նրան հյուրընկալեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը:

Ավելացնենք, որ Վահագն Չախալյանի ձերբակալության խնդրով փոքրամասնությունների իրավունքների հարցով համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետ Ֆերդինանդ դե Վարեն պատրաստել է զեկուցում ՝ “The Perils of Being a National Minority: Human Rights and Chakhalyan v. Georgia”, որը հասանելի է http://www.yerkir.eu/2012.05.22-YerkirEurope-ReportHumanRightsViolationsInGeorgia.pdf հասցեով:

 Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է նաև https://www.facebook.com/media/set/?set=a.319490128167806.75927.113192792130875 հասցեով:

 Վիրահայոց Թեմի մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը