Լրահոս

24.01.2013 18:50


Լրացուցիչ հողամաս է տրամադրվում Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցմանը

Լրացուցիչ հողամաս է տրամադրվում Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցմանը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Արշակունյաց պողոտայի հ. 28 շինության հարակից տարածքում մոտ 3 հազար 400 քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` սահմանելով, որ հողամասը կարող է օգտագործվել բարեգործական նպատակով, բացառապես Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։ Այս նախաձեռնությանը հավանություն է տվել Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդը։

Կառավարությունն իր որոշմամբ «Զորավար Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին թույլատրել է մասնակցել «Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության ակադեմիայի» հիմնադրամի հիմնադրմանը։ Պայմանագրի շրջանակում անցկացվում են միջոցառումներ անդամ-պետությունների գիտնականների, քաղաքագետների, փորձագետների, երիտասարդ քաղաքական և հասարակական առաջնորդների ներուժը ՀԱՊԿ-ի համար օգտակար հասարակական կարծիք ձևավորելու գործընթաց ներառելու նպատակով։ Նշված խնդրի իրականացման համար ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին ուղղված նամակում առաջարկում է ստեղծել ՀԱՊԿ ակադեմիա` նստավայրը Երևան քաղաքում։ Որպես հիմնադիրներ և գլխավոր ֆինանսավորողներ հանդես են գալիս «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը, դրա Երևանի մասնաճյուղը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության աջակցման ֆոնդը։ ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու նախագծի վերաբերյալ նախնական քննարկմանը մասնակցել և իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները։
Նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու միջոցով գործադիրը հավանություն է տվել Գյումրիում մշակույթի վարժարան հիմնելու նախագծին։ Կրթօջախը կարող է սպասարկել ոչ միայն Շիրակի մարզի, այլև հայաբնակ Ջավախքի շնորհալի պատանիներին և աղջիկներին։
Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 800 հատուկ ծառայողի վերապատրաստման և 2 հազար 325 հատուկ ծառայողի ուսուցման ծառայություն։ Մեկ անձի վերապատրաստման մեկ ակադեմիական ժամվա արժեքը 2013 թ. համար սահմանվել է 1836 դրամ, մեկ հատուկ ծառայողի ուսուցման մեկ ակադեմիական ժամվա արժեքը` 1906 դրամ։
Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և դրանով իսկ կարգավորել վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության արտոնագրման հարաբերությունները։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ և լրացումներով ապահովվել է միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման արտոնագրման կարգի համապատասխանությունը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի կիրարկմանը։

Այս խորագրի վերջին նյութերը