Լրահոս

24.01.2013 12:52


Մեկ տարի անց Ադրբեջանի բնակիչների ցասումը կրկին հասել է գագաթնակետին (տեսանյութ)

Մեկ տարի անց Ադրբեջանի բնակիչների ցասումը կրկին հասել է գագաթնակետին (տեսանյութ)

Ադրբեջանի հյուսիս-արևմտյան Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որոնք բռնկվել են «Չիրագ» հյուրանոցը անբարո արարքների որջ դարձնելու պատճառով։ Վրդովված ցուցարարները հրդեհել են այդ հյուրանոցը և 3 ավտոմեքենա, իսկ նրանց մի խումբ էլ շրջափակել է Իսմայիլիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Ալեքպերովի տունը՝ պահանջելով նրա հրաժարականը:

Սակայն սա անկարգությունների բռնկման միակ վարկածը չէ։ Կարծիք կա, որ մարդկանց բորբոքել է Ադրբեջանի աշխատանքի նախարար և Ալեքպերովի զարմիկ Վուգար Ալեքպերովի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարը, որից հետո Վուգար Ալեքպերովը վիրավորական արտահայտություն է հնչեցրել տեղի բնակիչների հասցեին:

Ի դեպ, հրդեհված ավտոմեքենաներից մեկը և հյուրանոցը պատկանում են հենց Վուգար Ալեքպերովին։

Նշվում է նաև, որ ավտովթարի պատճառը եղել են հյուրանոցի տնօրեն Էմիլ Շամսադինովը և նրա բաքվեցի ընկեր Էլմադդին Մամեդովը, ով իր «Hummer» մակնիշի ավտոմեքենայի վթարից հետո կատաղած սկսել է ծեծել փողոցում կայանած «Վազ 2107» մեքենայի վարորդին: Դեպքի վայրում հավաքվել են տեղի բնակիչները, որոնց հասցեին էլ Շամսադինովը սկսել է վիրվորական խոսքեր հնչեցնել։ Դրանից էլ արդեն կատաղել են բնակիչները և հարձակվել հյուրանոցի վրա ու կրակի մատնել այն:

Այս տեղային բախումը վերաճել է զանգվածային անկարգության։ Բախումները շարունակվել են տեղի բնակիչների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններին օգնության են հասել հարակից քաղաքների ոստիկանական ուժերը։

Հիշեցնենք, որ նմանօրինակ բախումներ տեղի էին ունեցել նաև մեկ տարի առաջ՝ Ադրբեջանի Գուբայի շրջանում: 2012թ. մարտի 1-ին, հիմնականում լեզգիներով բնակեցված ադրբեջանական Գուբա քաղաքում, բախումներ էին տեղի ունեցել այն բանից հետո, երբ տեղի քաղաքապետը լեզգիների ազգային խնդիրների համար պայքարող ակտիվիստներին մեղադրել էր ազգային արժանապատվությունը ծախելու համար: Դրանից հետո «Ումիդ» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կատարվածի պատասխանատու համարելով իշխանությանը։

«Գործադիր իշխանության գործողությունները համահունչ չեն պետականությանը։ Նման համակարգ հիմնված է ոչ միայն Գուբայում, այլ նաև երկրի մյուս մարզերում։ Գուբայի իրադարձությունները շուտափույթ քաղաքական բարեփոխումների ազդանշան են»,–ասվում էր հայտարարությունում։

Հայտարարության հեղինակները իշխանությանը կոչ են անում  դաս քաղել այս իրադարձություններից, հակառակ դեպքում նման խնդիրները հանդես կգան նաև երկրի այլ վայրերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը