Հարցազրույց

20.06.2009 17:50


Հարություն Առաքելյան.

Հարություն Առաքելյան.

Հարցազրույց Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանի հետ

-Դուք բազմիցս նշել էիք, որ Արմենական-ռամկավար ազատական անվամբ կուսակցության ստեղծումը վարչապետ Տիգրան Սարգսյանի խարդավանքն է՝ պառակտելու ՀՌԱԿ-ը։ Բայց պարզվեց, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարին իր շնորհավորական ուղերձն էր հղել երկրի նախագահը։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։

-Կարծում եմ, որ այստեղ ոչ մի մեկնաբանություն պետք չէ։ Մեկնաբանությունների համար պետք է հենց շնորհավորողին դիմեք։ Իսկ, ընդհանուր առամամբ, մեկնաբանության կարիք չկա։ Եթե Տիգրան Սարգսյանը չի թաքցնում, որ Ռամկավար ազատական կուսակցությունը գանձ է, ապա սա նրա ձախողված գործողությունների տրամաբանական շարունակությունն է։

-Քաղաքական դաշտի մի շարք գործիչներ  «7 օր»-ին փոխանցել են,  որ Արմենական-ռամկավար ազատական կուսակցության ստեղծումը իշխանական «պրոյեկտ» է։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանում նույն անվամբ ստեղծվում է երկրորդ կուսակցություն։

-Եթե վարչապետին համարենք իշխանության մաս, ապա, բնականաբար, իշխանական պրոյեկտ է։ Եվ այն անձինք, ովքեր ներկայացված են այդ կուսակցությունում, ուղղակի առնչություն ունեն վարչապետի հետ։ Ասենք, Հակոբ Ավետիքյանի տղան աշխատում է Կենտրոնական բանկում։ Եթե չեմ սխալվում, նա ԿԲ իրավաբանական վարչության պետն է։ Այսպես կոչված կուսակցության համագումարում նստած էր մշակույթի ֆակուլտետի դեկանը, որի բարեկամը նախագահականում է աշխատում... Նրանք բոլորն իշխանության կողմից կաշառված մարդիկ են, և հասկանալի է, որ իշխանությունը ոնց ասի, նրանք այդպես էլ անելու են։

-Հորդանանում տեղի ունեցած՝ Ռամկավար ազատական կուսակցության համագումարին շնորհավորական ուղերձ էր հղել երկրի նախագահը։ Ինչպես արդեն նշեցի, նմանատիպ ուղերձ նա հղեց նաև Արմենական-ռամկավար ազատական կուսակցությանը։ Դա նորմա՞լ եք համարում։

-Նորից եմ կրկնեմ, եթե Հռոմի Պապն էլ շնորհավորեր այդ կուսակցությանը, միևնույն է, ամեն ինչ շատ ակնհայտ է. մեկնաբանություններն ավելորդ են։

-Նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարում նշվեց, որ նպատակ է դրվելու Սփյուռքի Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնի տեղափոխումը մայր հայրենիք։ Ընդհանրապես, ի՞նչ վիճակում են կուսակցության սփյուռքյան կաառույցները։

-Ի՞նչ ասեմ։ Դա անլուրջ մարդու ասեմ, հոգեկան հիվանդի երևակայություններ ասեմ։ Մեր նորագույն պատմության մեջ ՀՌԱԿ-ը կարողացավ չորս կուսակցություններով համախմբվել։ Սա արդեն ամեն ինչի մասին խոսում է...

-Երեկվա համագումարում ընթերցվեց նաև ՌԱԿ Արևելյան Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչության ուղերձը...

-Ռամկավար ազատական կուսակցության մեջ այդպիսի կառույցներ գոյություն չունեն։ Նրանք եղել են տարիներ առաջ, և այդ կազմակերպությունների ղեկավարների որոշմամբ լուծարվել են։ Ամերիկայում գործում է երեք շրջանակ։ Կանադայում առանձին շրջանակներ են գործում։ Այդ շրջանակները Հորդանանի մեր համագումարին ներկա էին։ Վարչապետը կարողացել է գտնել կուսակցության սփյուռքյան կառույցներից հեռացված մեկուկես  հոգու և Հայաստանից երկուսուկես  հոգու, և փորձում են դրան երևութականություն հաղորդել։

-Ձեզ ոչինչ չի՞ մտահոգում։

-Ինձ մտահոգում է այն, ինչն ընդհանրապես կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտի հետ։ Եթե նման ձևով շարունակվի, ապա կարող ենք ասել, որ մեզ մոտ անիմաստ է քաղաքական գործունեությունը։

-ՀՌԱԿ-ի սփյուռքյան կառույցները որևէ կերպ արձագանքե՞լ են նույն անվամբ կուսակցության ստեղծմանը։

-Ես Հորդանանի համագումարում ընտրվեցի նաև աշխարհասփյուռ կուսակցության փոխատենապետ։ Համագումարին մասնակցում էին 20 երկրներ։ Չէին մասնակցում Բեյրութի շրջանակը և Նյու-Ջերսիից մի քանի հոգի։ Լուրը, որ ստեղծվում է նոր կուսակցություն, հասել էր Սփյուռք։ Արձագանքը շատ կոշտ էր։ Նույնիսկ Բեյրութի շրջանակը, որը չէր մասնակցում համագումարին, նամակ էր հղել հանրապետության նախագահին՝ կոչ անելով չփորձել Հայաստանում նույնանուն կուսակցություն ստեղծել։ Այսինքն, այդ շրջանակը դեմ է, որպեսզի նման կապիկություն արվի։ Ամբողջ աշխարհից հանրապետության նախագահը բազմաթիվ նամակներ է ստացել, և հույս ունենք, որ նա իր դիրքերում կգտվի ու անօրինականության դեմը կառնի։ Այնպես որ, մի 20-հոգանոց համագումար, որն ընտրում է ատենապետի պաշտոնակատար՝ աբսուրդ մի հասկացություն, պարզապես խեղկատակություն է։ Հիմա ես չեմ թվարկի օրենքի այն խախտումները, որոնք հակասում են կուսակցությունների մասին օրենքի մի շարք հոդվածներին։ Դա կպահենք դատարանի համար։ Ուզում եմ ասել՝ նրանց համար շատ կլինի, որ կուսակցության աշխարհասփյուռ  կառույցները նրանց լուրջ ընդունեն և հանդես գան ինչ-որ հայտարարություններով։ Մենք՝ 10 երկրների մասնակցությամբ, երեկ ուշ երեկոյան հեռախոսաժողով ենք ունեցել, և շատերը ցանկացել են տարբեր ոլորտներում՝ կրթական, մշակութային, բարեգործական, վերանայել իրենց հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Իմ խնդրանքն էր, որ առայժմ զերծ մնան կտրուկ քայլերից, մինչև որ տեսնենք, թե պետությունը արձանագրո՞ւմ է այս կուսակցությունը՝ որպես խեղկատություն, թե՞ ոչ։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պարբերաբար փորձ է արվում տրոհել հայկական ավանդական կուսակցությունները։ 90-ականների սկզբին նման անհաջող փորձ արվեց ՀՅԴ-ի դեպքում, ունենք երկու Հնչակյան կուսակցություն, հիմա էլ՝ ՀՌԱԿ-ը։

-Մեր պարագայում էլ սա նոր երևույթ չէ։ 90-ականների կեսերին նման փորձ արվեց։ Այն ժամանակ Վիգեն Խաչատրյանը փորձեց նույնանուն կուսակցություն ստեղծել, սակայն նա հասկացավ, որ անիմաստ քայլի է գնացել, և այդ կուսակցությունը երկար կյանք չունեցավ. այն լուծարվեց։ 124 տարվա մեջ մեզ հաջողվել է տարատեսակ բաշիբոզուկներից պաշտպանել կուսակցությունը, նրա անունը, պատմությունը։ Սա հերթական փորձությունն է, և կարծում եմ, որ հանգիստ այս ամեն ինչից դուրս կգանք։

-Ըստ Ձեզ՝ նույնանուն կուսակցության ստեղծումը ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել։

-Այստեղ ես դա ավելի շատ կապում եմ  Հայաստան-Թուրքիա այս «ողջագուրման» քաղաքականության հետ։ Ես կարծում եմ, որ կան կենտրոններ, որոնք հակված են Հայաստանին տանել մերձեցման թուրքերի հետ և փորձում են թուլացնել ավանդական կուսակցությունները։ Տեսեք՝ և՛ ՀՅԴ-ն, և՛ Հնչակյան կուսակցությունը, և՛ ՀՌԱԿ-ը դեմ են արտաքին քաղաքականության նման դրսևորումներին։ Ավելին, ապրիլի 30-ին մենք պահանջեցինք Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Մենք պահանջեցին, որ բոլոր մակարդակներում՝ գաղտնի, թե բացահայտ, անհապաղ դադարացվեն Թուրքիայի հետ բանակցությունները։ Եվ այսօր կատարվողը մենք հենց այս համատեքստի մեջ ենք տեսնում։ Հասկանալի է նաև, որ 2,5-3 հոգանոց կուսակցությունը չի կարող ինչ-որ մի լուրջ դերակատարություն ստանձնել։ 80 կուսակցություն ունենք, թող 81-րդն էլ լինի։ Սակայն երբ անվանագողություն է տեղի ունենում՝ դա արդեն մտածելու տեղիք է տալիս։ Պետք է մտածեն ստեղծողներն ու իշխանությունը։ Փորձել խաղալ Ռամկավար ազատական կուսակցության անվան հետ՝ կա՛մ անաստվածություն է, կա՛մ պատմական անգրագիտություն։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը