Լրահոս

24.01.2013 09:54


ՍՊԱԾ գործակալությունն ամփոփել է 2012 թ.

ՍՊԱԾ գործակալությունն ամփոփել է 2012 թ.

2012թ. գործունեության մասին հաշվետվություն է ներկայացրել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը (ՍՊԾ)։ Ըստ ոլորտների` ծառայության կողմից իրականացված հիմնական աշխատանքներն են.

Դիտացանցի արդիականացում
Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Գառնու ակտիվ խզվածքի հատվածում համալիր երկրաբանաերկրաֆիզիկական հետազոտությունների իրականացման գիտակիրառական աշխատանքների ծրագիրը, որի իրագործումը կնպաստի Գառնու դիտարանի վերագործարկմանը:
Միջազգային գործընկերների հետ համատեղ գործիքային եղանակով դաշտային ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ տարբեր հատվածներում՝ 2013 թ. գարնանը 6 նոր, ժամանակակից, թվային սեյսմիկ կայաններ տեղադրելու նպատակով:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ ներդվել է Երևանում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգ` 5 նոր սեյսմիկ կայաններով։
Ընթացքում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությամբ ՀԱԷԿ-ի շուրջը 6 ժամանակակից թվային սեյսմոգրաֆներից բաղկացած սեյսմիկ համակարգի տեղադրման նախապատրաստական աշխատանքները:
ՄԱԶԾ աջակցությամբ ձեռք են բերվել ՍՊԾ Ազգային մոնիթորինգային դիտացանցի 15 հիդրոերկրադինամիկական հորատանցքերում տարբեր պարամետրերի ավտոմատ չափման, գրանցման և հաղորդման ժամանակակից, բարձր զգայնության, ամերիկյան սարքեր:

Սեյսմիկ վտանգի գնահատում
Կատարվել են սեյսմիկ գոտիավորման աշխատանքներ ՀՀ 4 բնակավայրերի համար, կազմվել ու պատվիրատուներին են հանձնվել Արարատի մարզի Մասիս քաղաքի, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ, Ծովագյուղ և Դրախտիկ համայնքների տարածքների սեյսմիկ միկրոշրջանացման 1:5000 մասշտաբի քարտեզները: Կատարվել է նաև այլ կազմակերպությունների կողմից արված սեյսմիկ գոտիավորման աշխատանքների փորձաքննություն:
Պատրաստվել է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման 87 փաթեթ՝ կիրառելով նաև ՍՊԾ-ում ստեղծված 4 համակարգչային ծրագրերը, այդ թվում` «Հույս» փորձագիտական ծրագիրը:

Սեյսմիկ ռիսկի գնահատում
Ճապոնացիների հետ համատեղ ծրագրի շրջանակներում գնահատվել է Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկը: ՍՊԾ ուժերով գնահատվել է ՀՀ 2 քաղաքների սեյսմիկ ռիսկը, առաջին անգամ կազմվել են Ալավերդի և Թումանյան քաղաքների տարածքների սեյսմիկ ռիսկի քարտեզները. հավաքվել են տվյալներ` այդ քաղաքների բազմաբնակարան, հասարակական շենքերի ու դրանց տեխնիկական վիճակի, դեմոգրաֆիայի, հրդեհավտանգ տարածքների, կենսաապահովման գծերի և այլնի մասին:

Սեյսմիկ ռիսկի նվազեցում
ՀՀ բոլոր մարզերի, Երևանի և Արցախի բազմաթիվ դպրոցներում, բուժհիմնարկներում, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ամենատարբեր կազմակերպություններում անցկացվել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման դասընթացներ: Ընդհանուր առմամբ, 2012թ. ուսուցում է անցել ավելի քան 10 հազար մարդ։
Աղետների նվազեցման ասիական կենտրոնի աջակցությամբ իրականացվում է «Հայաստանի Երևան և Գյումրի քաղաքներում սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցում և վարժանքներ» ծրագիրը: Կազմակերպվել է 5 աշխատանքային քննարկում, որոնց մասնակցել են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճապոնիայից ու Նեպալից ժամանած փորձագետներ: 
Սեյսմիկ ռիսկի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման աշխատանքների շրջանակներում իրականացվել է մոտ 500 շենքի տվյալների բազայի հավաքագրում:
Կատարվել է 8 դպրոցի և 9 մանկապարտեզի շենքերի ակնադիտական ու գործիքային հետազննություն, ինչպես նաև 36 դպրոցի և 2 մանկապարտեզի շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն և սեյսմիկ խոցելիության գնահատում: Տրվել են 105 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություններ:
Ամերիկյան եզակի ակտուեյտոր սարքի միջոցով ՍՊԾ մասնագետներն 1-ին անգամ բնական պայմաններում իրականացրել են Սևանա լճի ափին նոր շինարարական լուծումներով կառուցված շենքի փորձարկումներ:

Ուսումնասիրվել են Մարմարիկ և Մեծավան ջրամբարների անվտանգությունը բնութագրող անհրաժեշտ նյութեր՝ պատվարների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման համար: Սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման շրջանակներում իրականացվել է ՀՀ տարածքի ջրամբարների տվյալների բազայի ճշգրտում:

Միջազգային համագործակցություն և կադրերի վերապատրաստում
Սեյսմիկ պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում ՍՊԾ համակարգի 10 աշխատակից մասնակցել է տարաբնույթ վերապատրաստման դասընթացների:

Հրաչյա Պետրոսյան
ՍՊԱԾ գործակալության պետ

Այս խորագրի վերջին նյութերը