Լրահոս

20.06.2009 17:25


ԱԺ պատգամավորի չեն թույլատրել հատել Վրաստանի սահմանը

ԱԺ  պատգամավորի չեն թույլատրել հատել Վրաստանի սահմանը

Հունիսի 19-ին,  ժամը 21-ի սահմաններում, երբ Հայաստանից մեկնող խումբը, որի կազմում են եղել   ՀՀ ԱԺ  ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, վարչապետի նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանը, «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը և ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, չի կարողացել ամբողջ կազմով մուտք գործել Վրաստան։

Սադախլոյի անցակետում վրացական սահմանապահները նրանց տեղեկացրել են, որ ԱԺ պատգամավոր  Շիրակ Թորոսյանին արգելված է Վրաստան մտնել։

Հայաստանից մեկնած խմբի անդամների բոլոր ջանքերը, Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական խողովակներով հարթելու միջադեպը, եղել է անարդյունք։ Խմբի մնացած 3 անդամների համար նման խոչընդոտ չի ստեղծվել, բայց ի նշան բողոքի, նրանք միասին ետ են վերադարձել։

Տեղեկացնենք,  որ հայկական խումբը պետք է մասնակցեր «Նաումանի» անվան հիմնադրամի նախաձեռնած միջոցառմանը, որի շրջանակներում հանդիպումներ պետք է տեղի ունենային Վրաստանի արտգործնախարարության,  Ռեինտեգրացիայի նախարարության, հասարակական կազմակերպությունների և մամուլի  ներկայացուցիչների հետ։ Քննարկումների թեմաներն  էին Հայ-վրացական հարաբերությունները՝ մասնավորապես Վրաստանի ազգային փոքրամասնությունների, տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված խնդիրները։

Մեր տեղեկություններով,  միջադեպի առնչությամբ, Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարին ՀՀ արտգործնախարարությունից ներկայացվել է  բողոքի նոտա։

Նշենք նաև, որ օրերս վրացական իշխանությունների կողմից արգելվել է Ախալցիխեում անցկացնել մեծանուն հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները։

7օr.am

Այս խորագրի վերջին նյութերը