Լրահոս

23.01.2013 17:19


ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ալիևի միջնորդությամբ ստացե՞լ է 1.5մլն. դոլարի դրամաշնորհ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ալիևի միջնորդությամբ ստացե՞լ է 1.5մլն. դոլարի դրամաշնորհ

Ինչպես հայտնի է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ 2013թ-ը հայտարարել է մշակույթային ցեղասպանության դեմ պայքարի տարի և այդ շրջանակներում շարունակում է իր բողոքի ակցիան Նոր Ջուղայի /Նախիջևանի/ հայկական խաչքարերի ոչնչացման շուրջ: 2011թ-ի հունիսի 15-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակեպել էր ցուցահանդես` նվիրված հայկական խաչքարերին: Ցուցահանդեսի բացմանը հրավիրված էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չեթիջյանը, ՀՀ մշակույթի նախարարը և այլ պաշտոնական անձինք: Ցուցահանդեսի բացումից ժամեր առաջ, հանկարծ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջում է անմիջապես հանել ցուցանմուշների անվանումները` բացատրելով, որ Ադրբեջանը և Թուրքիան դեմ են այդ գրություններին:

 2011թ-ին ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից սկսվեց այս սկանդալի հետ կապված բողոքի ակցիա, որի արդյունքում ստացվել էր արդարացումներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար տիկին Իրինա Բոկովայի կողմից, ներկայացված երկու կետերով: Ամփոփելով ասվածը, ներկայացնենք վերոհիշյալ երկու կետերը.

  1. «Հայկական կողմը պարտավոր էր նախապես համաձայնեցնել խաչքարերի շուրջ բացատրությունները և հատկապես տեղանունների հարցն այլ պետությունների հետ»:
  2. «Խաչքարերի տակից բացատրությունների հանելու խնդիրը համաձայնեցված է եղել Հայաստանի պաշտոնական պատվիրակության և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանի հետ»:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունին կրկնել էր իր այն պատասխանը, որը պատրաստվել էր ԵՀՄՖ-ի իրավաբանների կողմից`  ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի տրված բացատրություններին: Մասնավորապես Գրիգորյանի նամակում խոսվել էր Նախիջևանի, Ջուլֆայի խաչքարերի վերացման հարցի շուրջ` նշելով, որ «անհեթեթ է Հայաստանից պահանջել համաձայնեցնել խաչքարերի տեղանունների օգտագործումն ադրբեջանական /կամ թուրքական/ կողմի հետ, եթե  նրանք միտումնավոր կերպով ոչնչացրել են մշակույթային հսկայական արժեք ունեցող մեր կոթողները` խաչքարերը,

և եթե սա հանդիսանում է «մշակույթային ցեղասպանության վառ արտահայտված դրսևորում»»:

Ընդ որում կան հստակ ապացույցներ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ելնելով շահադիտական նպատակներից, միտումնավոր կերպով թերացել է Նախիջևան հետազոտող խումբ ուղարկելուց և ավելին նույն նպատակով անվարան տվել է իր կարգադրությունը` փարիզյան ցուցահանդեսում խաչքարերի տեղանունները հանելու շուրջ: Եթե փաստվի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի միջնորդությամբ, ստացել է 1.5մլն. դոլարի դրամաշնորհ, կարելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունների պարզ բացատրությունը տալ` առանց ավելորդ մեկնաբանությունների:

Ինչ վերաբերվում է ստացված պատասխանի երկրորդ կետին առ այն, որ  «Խաչքարերի տակից բացատրությունների հանելու խնդիրը համաձայնեցված է եղել Հայաստանի պաշտոնական պատվիրակության և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանի հետ» այս հարցի շուրջ ԵՀՄՖ-ը ՀՀ ԱԳՆ-ից հստակ պատասխան չի ստացել և ստիպված է հայտարարելու, որ ԱԳՆ-ի պասիվ քաղաքականության և նրա դեսպան Վիգեն Չիթեջյանի մեղքով է, որ ոչ միայն Փարիզում է տեղի ունեցել այս խայտառակ փաստն, այլև այն անպատիժ է մնացել: ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը  զարգացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրանա Բոկովայի հետ նորմալ անձնական հարաբերություններ` չմտածելով, թե ինչ օգուտ կամ վնաս է տալիս նա իր այդ խայտառակ պասիվ վարքով հայոց մշակույթային ցեղասպանության դեմ պայքարին: Իսկապես ինչ արդարացում կարելի է տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի այս մեղադրանքին, որ փարիզյան սկանդալը տեղի է ունեցել ՀՀ դեսպանի աչքի առաջ:

ԵՀՄՖ-ը նպատակ ունի այս տարվա ընթացքում հետամուտ լինելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարածը համաշխարհային հասարակությանը ներկայացնելու և նրա «օբյեկտիվ» վերաբերմունքը դիմակազերծելու համար: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի փրկության միակ ելքը. շտապ Նախիջևան ուղարկել մասնագետների այն հանձնախումբը, որի շուրջ խոստումներ լսվում են 2005թ-ից ի վեր, և որը հանդիսանում է աշխարհի ողջ հայության պահանջը` Նախիջևանում 2005-2006թթ-ին մի քանի հազար խաչքարերի ոչնչացման հանցագործությունը գրանցելու ու մեղավորներին պատժի ենթարկելու հարցում:

ԵՀՄՖ-ը դիմում է Եվրոպայի բոլոր հայկական կազմակերպություններին, ինչպես նաև ողջ համաշխարհային հայությանը` սատարելու իր այս գործընթացը, նախ հանցագործներին պատժելու և նաև հայոց մշակույթային ցեղասպանության զարգացումները կասեցնելու նպատակով: ԵՀՄՖ-ը խնդրում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց մասնակցելու այս հարցի քննարկմանը և տալ առաջարկներ ԵՀՄՖ-ի ֆեյբուքյան էջին կամ այն ուղղարկել [email protected] էլեկրոնային փոստի հասցեով: ԵՀՄՖ-ի ֆեյսբուքի էջին կարող եք կարդալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի, գլխավոր մասնագետ Ֆայլտի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունի հետ նամակագրությունները:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը