Աշխարհ

23.01.2013 16:42


Վահե Հովհաննիսյան. «Եկեք մեզ չխաբենք»

Վահե Հովհաննիսյան. «Եկեք մեզ չխաբենք»

ԵԽԽՎ այսօրվա նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ-ական խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթը.

«Պարոն Նախագահ

Հարգելի գործընկերներ

Անկախ՝ զեկույցի վերաբերյալ մեր ունեցած գնահատականներից, հնարավոր առարկություններից` պետք է նշել, որ զեկուցողը իրոք մեծ ծավալի աշխատանք է կատարել: Շատ դժվար է սառեցված հակամարտությունների պայմաններում պատրաստել զեկույց, որտեղ ամփոփված կլինեն բազմաշերտ խնդիրների ողջ սպեկտորը:

Պատերազմները, լոկալ կոնֆլիկտները ունենում են տարբեր պատճառներ, տարբեր տևողություններ և ելքեր, բայց նրանց բոլորին համախմբում է մեկ ընդհանրություն` հասարակ մարդկանց տառապանքներն ու զրկանքները:

Ռուս-վրացական պատերազմը բացառություն չէ: Այս զեկույցում նշված են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար լարվածության և հումանիտար խնդիրների մի մեծ խումբ, որոնց պատճառով հարյուր հազարավոր մարդիկ ամեն օր տառապում են` անկախ իրենզ ազգային, կրոնական պատկանելիությունից: Եվ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացիներն են նրանք:

Խնդիրների մեծ մասը բավարար մակարդակով լուծել հնարավոր չէ, քանի դեռ արված չեն պետությունների միջև լարվածությունը թուլացնող և ժողովուրդների միջև վստահությունը վերականգնող հիմնական քայլերը:

Դրանցից ես այսօր կուզեի առանձնացնել, այսպես կոչված աբխազական երկաթգծի խնդիրը: Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը Աբխազիայի տարածքով կապող երկաթուղային գիծը չի գործում արդեն մոտ 20 տարի:

Եկեք պատկերացնենք, թե հարյուրավոր քանի բնակավայրեր կան այդ երկաթգծի երկայնքով: Եկեք պատկերացնենք, թե տնտեսական ինչ աշխուժություն կարձանագրվի այդ երկաթուղային հաղորդակցության վերականգման պարագայում:

Եվ եկեք սրանից հետո ինքներս մեզ հարց տանք` արդյոք հնարավո՞ր է առանց տնտեսական վերելքի և տնտեսական աշխուժության լուծել տասնյակ հազարավոր մարդկանց հումանիտար խնդիրները և թուլացնել տարածաշրջանում հումանիտար լարվածությունը: Իհարկե` ոչ: Եկեք մեզ չխաբենք:

Արդյոք հնարավո՞ր է ստեղծել ժողովուրդների միջև վստահության և հարգանքի մթնոլորտ առանց հաղորդակցության, առօրյա շփումների:

Հիմա մենք պարտավոր ենք մեզ տալ ամենակարևոր հարցը` արդյո՞ք կա բանական փաստարկ, որը ստիպում է տարածաշրջանի պետություններին՝ փակ պահել այդ երկաթուղային գիծը: Առանց այն էլ Հարավային Կովկասում գոյություն ունեն անտրամաբանորեն փակ երկաթուղային գծեր, ինչպիսին է Հայաստան-Թուրքիա երկաթգիծը:

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ Կովկասում լարվածությունը էապես թուլացնելու, պետությունների միջև նոր որակի հարաբերությունների ձևավորման և առկա խնդիրները խաղաղ, կառուցողական ճանապարհով լուծելու համար: Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի, Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կլինի այդ ուղղութամբ կատարված ամենակարևոր քայլերից մեկը: Եթե մենք իրոք ուզում ենք ավելի անվտանգ Եվրոպա, և եթե մենք իրոք ցանկանում ենք թեթևացնել մարդկանց տառապանքները, ապա մենք պարտավոր ենք դնել ճիշտ առաջնահերթություններ՝ ճիշտ դասակարգելով խնդիրների պատճառները:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նման բարդ թեմայով մանրակրկիտ զեկույց պատրաստելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը