Լրահոս

23.01.2013 16:15


Գոռ Սուջյանի և «Դորիանսի» պրոդյուսերի միջև «սև կատու» է անցել

Գոռ Սուջյանի և «Դորիանսի» պրոդյուսերի միջև «սև կատու» է անցել

Այս օրերին, երբ բոլորն ուրախությամբ ողջունում են Գոռ Սուջյանին մեր երկիրը «Եվրատեսիլ 2013»-ին ներկայացնելու համար, առնվազն տարօրինակ է «Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանի` հայտնի հեռուստառադիոհաղորդավարուհի Լուլուի ամուսնու լռությունը: Ակնհայտ էր, «Դորիանսի» և պրոդյուսերի միջև սև կատու է անցել, որի մասին որևէ հայտարարություն տարածել կողմերից որևէ մեկը չի շտապել:

Սակայն, ի տարբերություն սույն խմբի և պրոդյուսերի, հայտարարությամբ շտապել է հանդես գալ Վահագնի կինը` Լուսինե Բադալյանը` Լուլուն, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրելով. «Ես լուռ հետևում էի իրադարձություններին ու չէի էլ պատրաստվում արձագանքել, բայց հաշվի առնելով անհամար շնորհավորական նամակներն ու իմ լռությունը չընկալելու գործոնը` որոշեցի հատ առ հատ բոլոր նամակներին պատասխանելու փոխարեն` գրել այստեղ և թեման փակել: Շնորհակալ եմ բոլոր բարի խոսքերի համար: Այո', այսօր տեսնելով համընդհանուր ուրախությունը` վայելում ենք մեր աշխատանքի արդյունքը: Երբ տարիներ առաջ ամուսինս բացահայտեց Գոռ Սուջյանին և ոգևորված եկավ ու հայտնեց, որ ամեն ինչ անելու է այդ տղային հայտնի դարձնելու համար, ու ես էլ պետք է օգնեմ իրեն այդ հարցում ինչով կարող եմ: Մնաց հավատարիմ այդ խոստմանը ու ստեղծեց խումբ, որն այսօր ամենահայտնին ու ամենապահանջվածն է: Թեև մենք այսօր Դորիանսի կողքին չենք, բայց վայելում ենք մեր տքնաջան աշխատանքի արդյունքը... Ես մաղթում եմ Գոռին հաջողություն, քանի որ ցանկանում եմ, որ ամուսնուս անխոնջ աշխատանքն ունենա իր արդյունքը... Գոնե ես գիտեմ` դա ինչ է նրան արժեցել... Նրա միակ նպատակը եղել է Գոռին տեսնել աշխարհի ամենամեծ բեմերում, և ես ուզում եմ, որ նրա նպատակն իրականանա` անկախ ամեն ինչից»,- գրել է Լուլուն:

Մենք չսահմանափակվեցինք Լուլուի գրառմամբ ու խոսեցինք նախ`Գոռի, ապա` Վահագն Գևորգյանի հետ: Գոռը esyes.am-ի հետ զրույցում նշեց, որ խմբի համագործակցությունը պրոդյուսերի հետ իսկապես դադարեցվել է: «Արդեն մեկ ամիս է` չենք աշխատում Վահագնի հետ. որոշ գործնական խնդիրներ են եղել, որոնք չարժե հրապարակել,- ասաց Գոռն ու հավելեց, որ իրենք չեն վիճել, պարզապես որոշել են այլևս չհամագործացել:- Մեր աշխատանքն ընկերական է եղել, Վահագնը օգնել է մեզ ու հասցրել այնտեղ, որտեղ այժմ գտնվում ենք»:

Գոռի փոխանցմամբ` իրենք Վահագնի հետ պայմանագիր չեն ունեցել, և այժմ «Դորիանսի» անդամներն են ղեկավարում իրենց աշխատանքը: Ըստ նրա` առաջիկայում, բայց արդեն արտերկրում իրենք կաշխատեն նոր պրոդյուսերի հետ:

Վահագն Գևորգյանը, չցանկանալով մանրամասնել իրենց հարաբերությունների խզման իրական պատճառները, միայն ասաց. «Բնականաբար խնդիրներ են եղել, որոնք չեմ ուզում պատմել. դրանք ինձ համար են»: Վահանգնից տեղեկացանք նաև, որ չի շփվում տղաների հետ:

Հիշեցնենք, որ «Դորիանսի» և պրոդյուսեր Վահագն Գևորգյանի համագործակցությունը սկսվել էր 4.5 տարի առաջ` խմբի ստեղծման օրվանից:

esyes.am

Այս խորագրի վերջին նյութերը