Լրահոս

23.01.2013 18:45


Ոստիկանության կողմից 2012 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ

Ոստիկանության կողմից 2012 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ
ՀՀ Կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշմամբ հաստատված 2012 թվականի ընթացքում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Զենքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը 2012 թվականի հուլիսի 30-ին ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի Գերակա խնդիրների ցանկի շրջանակում ՀՀ ոստիկանության կողմից աշխատանքներ են կատարվել Երևան քաղաքի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես` Երևան քաղաքի 9 հատվածներում (Հյուսիսային պողոտա` 3 կողմից, Օպերայի և բալետի թատրոն` 2 կողմից, Կորյուն-Մաշտոց խաչմերուկ, Երևանի քաղաքապետարան, Մաշտոցի պողոտա, Հանրապետության Հրապարակ) տեղադրվել և արդեն շահագործվում են տեսադիտման սարքավորումները: Բացի նշվածից, հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` տեսախցիկներ են տեղադրվել նաև Երևան քաղաքի տարբեր խաչմերուկներում:  
Երևան քաղաքի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման աշխատանքները շարունակական են. ծրագրվել է 2013 թվականին տեսադիտման սարքավորումների տեղակայման կետերն ընդլայնել: ՀՀ ոստիանության կողմից 2012 թվականին իրականացվելիք հաջորդ գերակա խնդիրը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրումն էր:  2012 թվականի հունիսի 1-ից  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շահագործվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը: Տեղադրված են էլեկտրոնային անձնագրերում և նույնականացման քարտերում անհատական տվյալների մուտքագրման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները:
Անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից հաստատված ուսումնական ծրագրի համաձայն` պարբերաբար իրականացվում են մեթոդական, խորհրդատվական և ուսուցողական աշխատանքներ անձնագրային ծառայությունների անձնակազմի համար:
Անձնագարային նոր համակարգի ներդրման վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ՀՀոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից պարբերաբար հրապարակվում է անհրաժեշտ տեղեկատվություն:
Երևան քաղաքի ճանապարհներին, ինչպես նաև Երևան-Սևան և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում արագության վերահսկման ավտոմատ համակարգերի  ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետությունում (այդ թվում՝ Երևան քաղաքում, Երևան-Սևան և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում) տեղադրվել են և ներկայումս գործում են 53 արագաչափ սարքեր և  35 խաչմերուկներում 171 տեսախցիկներ. մասնավորապես, 45 արագաչափ սարք (այդ թվում՝ Երևան-Արտաշատ ուղղությամբ ավտոճանապարհներին) և 35 խաչմերուկներում 171 տեսախցիկներ են տեղադրվել Երևան քաղաքում, 3 արագաչափ սարք՝ «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհին (Երևան-Սևան), 2 արագաչափ սարք՝ «Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետականնշանակությանավտոճանապարհին, 2 արագաչափսարք՝ «Մ-5 Երևան-Արմավիր- Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհին (Երևան-Արմավիր), 1 արագաչափ սարք «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհին (Բագրատաշենի մաքսակետ):
Ոստիկանության հետ քաղաքացիական հասարակության փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքներից հատկանշական են`
2012 թվականի 2-րդ կիսամյակում ՀՀ ոստիկանության ինտերնետային նոր  (police.am)  կայքէջի բացումը.
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծված կայքը կոչված է աջակցելու քաղաքացիներին իրավական խնդիրների լուծման և ոստիկանության հետ առավել անմիջականորեն շփվելու հարցում: Մասնավորապես, անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքներում և ճանապարհային ոստիկանության քննասենյակներում տեղադրված տեսախցիկների միջոցով կայքի այցելուները կարող են առցանց հետևել իրականացվող գործընթացներին: Բացի այդ, «Թեժ գծի» օգնությամբ քաղաքացին հնարավություն ունի իր բողոքները, դիտողություններն ու առաջարկներն ուղարկել ոստիկանություն, տեղեկանալ մարզային ոստիկանական կառույցների աշխատանքներին, ստանալ իր բնակության վայրը սպասարկող տեղամասային տեսուչների տվյալները, հեռախոսահամարները և այլն: 
Բոլորովին նոր դիմագծով, թարմությամբ, բովանդակային ու տեխնիկական ժամանակակից հնարավորություններով ոստիկանության պաշտոնական նոր կայքէջը ոստիկանության գործունեությունը հանրությանը բաց և թափանցիկ ներկայացնելուց զատ, կնպաստի նաև վարչարարության նվազեցմանը, հասարակության վստահության ամրապնդմանը և քաղաքացիների` հավաստի տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ոստիկանությանը անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու գործընթացին:
Ոստիկանություն-հասարակություն փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հաջորդ կարևոր քայլը 2012 թվականի ընթացքում համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումն էր: Երևան քաղաքում արդեն իսկ գործում են թվով 11 համայնքային ոստիկանության հենակետեր, ինչը ուղղակիորեն նպաստող գործոն է հանդիսանում հասարակության և ոստիկանության համագործակցության բարելավման համար: Համայնքային ոստիկանության այլ պետությունների փորձի վերլուծության նպատակով 2012 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ Երևանում են գտնվել փորձագետներ Հոլանդիայից և Միացյալ Թագավորությունից, որոնք հանդիպումներ են ունեցել  ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների և նորաստեղծ համայնքային ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Այդ ընթացքում ներկայացվել է համայնքային ոստիկանության եվրոպական փորձը, համայնքի հետ արդյունավետ համագործակցության գործընթացը և ներկայացվել առաջարկություններ «ոստիկանություն-հասարակություն» առավել սերտ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: 
Ձեռք բերված տեղեկատվությունն ու գիտելիքները արդեն իսկ ներդրվել են ոստիկանության, մասնավորապես` համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա գործունեության մեջ:    
Ինչ վերաբերում է ոստիկանությանն օժանդակող անձանց խրախուսման մեխանիզմներին, ապա պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում որոշակի մեխանիզմ ներկայումս գործում է. մասնավորապես` ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 43-Ն որոշմամբ  սահմանված ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև պետական պարգևների ներկայացնելու կարգում, ինչպես ՀՀ ոստիկանության պետի 06.10.2010 թ. «ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց վճարման կարգը սահմանելու մասին» թիվ 3-ՆՀԳ հրամանում (1-ին հավելվածի 163 կետ) նախատեսված են դրույթներ ոստիկանությանը բացահայտ աջակցող անձանց դրամական և այլ եղանակներով պարգևատրումների վերաբերյալ:
Ոստիկանության հետ քաղաքացիական հասարակության փոխգործակցության ամրապնդմանն է միտված նաև ՀՀ ոստիկանության «02» շաբաթաթերթում պարբերաբար հրապարակվող «Վստահության հեռախոս» խորագիրը, որտեղ քաղաքացիները զետեղված հեռախոսահամարներին զանգահարելով՝ կարող են համապատասխան դրամական և այլ պարգևատրման դիմաց հավաստի տեղեկատվությամբ աջակցել ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների և/կամ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքներին, որի դեպքում անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
  ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը