Լրահոս

23.01.2013 10:46


Անցած տարի ջրամատակարարման շարունակականությունը մայրաքաղաքում աճել է 2 տոկոսով

Անցած տարի ջրամատակարարման շարունակականությունը մայրաքաղաքում աճել է 2 տոկոսով

«Երևան Ջուր» ընկերությունը «փակել» է տարին, ապահովվելով Երևանում միջինը 94,5% ջրամատակարարման շարունակականություն 2011թ. 92,8% դիմաց (իսկ 2010թ. եղել է 87,8%): Հատկանշանական է, որ 95%-ն այն ցուցանիշն է, որին «Երևան Ջուր» ՓԲԸ-ն պետք է հասնի մայրաքաղաքում Վարձակալության պայմանագրի ավարտին՝ 2016թ.: Ընդ որում, անցած դեկտեմբերին շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների 73,3%, ինչը ևս մեկ խոսուն ապացույց է գործունեության այդ կարևորագույն ուղղությամբ տարվող աշխատանքների: Միևնույն ժամանակ լուրջ ուշադրություն է դարձվել նվազագույն ջրամատակարարում ունեցողների թվաքանակի կրճատմանը: Այսպես, եթե 2010թ. դեկտեմբերին 12-17 ժամ ջուր է ստացել բաժանորդների 8,9%, ապա հաջորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 3,7%, իսկ 2012թ. դեկտեմբերին՝ ընդամենը 3,3%:

            Հարկ է նշել, որ այդ արդյունքները ձեռք են բերվել ռեսուրսների խնայողության շարունակվող քաղաքականության պայմաններում: Այսպես, եթե 2011 թվականին ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ աղբյուրներից վերցրել է 319,5 մլն խորանարդ մետր ջուր (2010թ.-ին՝ 346,2 մլն. խ.մ.), ապա 2012թ. այդ ցուցանիշը նվազել է 12.2 մլն խորանարդ մետրով և կազմել 307,3 խոր.մետր: Այսինքն՝ 12,2 մլն խ.մ. ջուր տնտեսելու պայմաններում  ջրամատակարարումը մայրաքաղաքում ոչ միայն չի վատթարացել, այլև բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման, տեխնիկական կորուստների նվազեցման և ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ դարձել է ավելի կայուն:

            Նաև էլեկտրաէներգիայի սպառումն է նվազել համակարգում՝ միանգամից 16,7 մլն կՎտժ-ով /ամբողջ 31 տոկոս/ և  54,8 մլն կՎտժ-ի դիմաց կազմել 38,1 մլն կՎտժ (իսկ 2010թ.-ի ցուցանիշը 86,2 մլն. կՎտժ է): Դա առաջին հերթին արդյունք է լեռնային աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման, որը ընկերությանը թույլ է տվել նվազեցնել պոմպակայանների ծանրաբեռնվածությունը, իսկ խոշորագույն ՛՛Արարատյան՛՛ պոմպակայանն ընդհանրապես վերածել պահուստայինի:

            Համակարգում շահագործման ծախսերի նվազեցումն իր հերթին նպաստել է ընկերության կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարմանը, որպես ջրամատակարարման հետագա բարելավման կարևորագույն նախապայմանի:

            Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա նախ՝ լեռնային աղբյուրներից ստացվող քաղցրահամ ջրի չափաբաժնի ավելացումը ընդհանուր ծավալի մեջ դրականորեն է ազդել սպառողներին մատակարարվող ջրի որակի վրա /թեպետ Արարատյան դաշտի խորքային հորերից ստացվող ջուրը նույնպես լիովին համապատասխանում է  ներկայացվող չափանիշներին/, և հետո՝ ընկերության ջրի լաբորատորիան իրականացնում է ինչպես աղբյուրներից, այնպես էր օրվա կարգավորման ջրամբարներից ու Երևանի տարբեր վայրերից վերցվող փորձանմուշների ամսական մոտ 1,5 հազար ստուգումներ, որոնց արդյունքները վկայում են՝ մայրաքաղաքի սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

            Այս ամենը ցույց է տալիս, որ ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ ընթանում է կայուն զարգացման ճանապարհով: Նշված հաջողությունները օրինաչափ բնույթ են կրում, հանդիսանում են ընկերության կողմից շարունակաբար իրականացվող ծրագրերի տրամաբանական արդյունքն ու վկայում դրանց արդյունավետության մասին: Առկա ձեռքբերումները, ինչպես նաև մայրաքաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի զարգացման նպատակով մշտապես տարվող աշխատանքները հիմք են տալիս վստահաբար ասել, որ 2013թ. կշարունակվի առաջընթացը սպառողներին կայուն և բարելավվող ջրամատակարարմամբ ապահովելու գործում, ինչպես և դա նախատեսված է Վարձակալության պայմանագրով:

            «Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը