Լրահոս

22.01.2013 15:44


«Փուչիկներ»-ի գործով մեղադրողը փոխվել է

«Փուչիկներ»-ի գործով մեղադրողը փոխվել է

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննությունն այսօր տեղի չի ունեցել ամբաստանյալի պաշտպան Կարեն Մանուչարյանի՝ արձակուրդում գտնվելու պատճառով: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, գործով դատական նիստ է նշանակել փետրվարի 7-ին:

Դատավարությունում տեղի է ունեցել մեղադրողի փոփոխություն՝ Արագածոտնի մարզի դատախազ նշանակված Հակոբ Մարտիրոսյանի փոխարեն մեղադրանքը կպաշտպանի դատախազ Սամվել Մկրտչյանը:

Սերոբ Բոզոյանը վերաքննիչ բողոքում միջնորդել է մասնակիորեն բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով (գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով, այսինքն՝ ամբաստանյալը լիովին ընդունել է մեղադրանքը և դրա հիմքում ընկած ապացույցները, ուստի կարող է բողոքարկվել միայն պատժաչափի մասով): Սերոբ Բոզոյանը միջնորդում է իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կամ ազատազրկում նշանակելու դեպքում՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ի դատավճռով Սերոբ Բոզոյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով` 2 տարի ժամկետով զրկելով նրան կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից:

Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը՝ Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական միջոցառման ժամանակ 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ գազալցված փուչիկների բռնկվելու ու պայթելու հետևանքով:

Այս խորագրի վերջին նյութերը