Լրահոս

22.01.2013 13:18


Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ստացվել է 40 զանգ

Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ստացվել է 40 զանգ

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ, որից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին: Մասնավորապես, առաջին զանգով քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները բացակայում են ընտրացուցակից:

 Իրականացված ստուգմամբ պարզվել է, որ «Թեժ գիծ» ծառայություն զանգահարած քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է 2013թ. հունվարի 17-ին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո:
Վերջնական ցուցակները հրապարակելիս անճշտությունն ուղղված կլինի:

Երկրորդ զանգով` Անձնագրային և վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած անձի վերաբերյալ, որի տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:

Մահացած անձին ճշտելու ուղղությամբ ոստիկանության Կենտրոնականի անձնագրային ծառայությունում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
Մնացած 38 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը