Տնտեսական

22.01.2013 10:19


Կենդանաբանական այգու տարածքը կօտարվի՞ ռեստորանային համալիրին

Կենդանաբանական այգու տարածքը կօտարվի՞ ռեստորանային համալիրին

livejournal.com կայքում Երևանի կենդամաբանական այգու աշխատակիցների կողմից բաց նամակ է ուղղվել Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին, որում ասված է.

«Հարգելի պարոն Մարգարյան.

2011թ. նոյեմբերին, երբ ընտրվեցիք Երևանի Քաղաքապետ, մեծ հույս ունեինք, որ Կենդանաբանական այգում շուրջ կուտակված խնդիրները ի վերջո լուծում կստանան:

Սակայն այդպես էլ առ այսօր այդ խնդիրները առկա են ու դեռ ավելին` օր-օրի շարունակում են ավելանալ: Նման համոզման ենք հանգել այս ամիսների ընթացքում ապարդյուն սպասողական և հույսի մարման արդյունքում: Հասկանալի է նամակի անհատական ստորագրությունների բացակայությունը, քանի որ նախկին Քաղաքապետին ուղղված շուրջ 40 անհատական ստորագրությունները փոխանցվեցին «երաժիշտ-ռեժիսոր-քանդակագործ» և ամենակարևորը ՍՏԱԽՈՍ տնօրենին, որի հետևանքով այսօր գրեթե բոլորը ազատված են աշխատանքից:

Այգին թևակոխել է զարգացման նոր փուլ. ամայացվում են տարածքներ` հետագայում օտարելու նպատակով, կենդանիներին սովի են մատնել` սատկացնելու նպատակով, աշխատակիցներին միմյանց դեմ են տրամադրում` քայքայելով կոլեկտիվը` ստիպողաբար ստորագրել են տալիս գրություններ, որոնք վարկաբեկում են մեկը մյուսին, կեղծ տեղեկավություն են տարածում այգում նոր կենդանիների համալրման վերբերյալ` ընձուխտներ, փղեր, և այլն, թաքցնելով տգիտության և անտերության մատնելու հետևանքով կենդանիների անկումները:

1. Մեծ վտանգի տակ է հայտնվել Կենդանաբանական այգու աշտարակ շինությունը, դիտավորյալ կոտրել են դռներն ու ապակիները և մատնել անտերության` հույս ունենալով այն բերել ավերակ վիճակի և օտարել ներքևից վեր խոյացող «XXX» ռեստորանային համալիրին: Բայց չէ՞ որ այս աշտարակը պատմամշակութային արժեք է, կենդանաբանական այգու սիմվոլներից է, և այն պետք է պահպանվի պետության կողմից:

2. Կենդանիները մատնվել են սովի. աշխարհում, առավել ևս Երևանի կենդանաբանական այգում, չլսված երևույթ է էգ առյուծների մահացու կռիվը: Սովի մատնված էգ առյուծները հարձակվել են տարեց էգ առյուծի վրա` բզկտել ու սատկացրել: Այժմ սատկած կենդանու մաշկը պահպանվում է մաշկամշակի մոտ, իսկ միսը` սառնարանում: Վերջինս որպես կեր տրամադրվում է գիշատիչ թռչուններին, ինչը հակացուցված է միջազգային կենդանաբանական այգիների կանոններով` գիշատիչ կենդանու մսով կենդանիներին կերակրելը: Վերջին օրերի ընթացքում սատկել են նաև մեկ գլուխ պոնի և մեկ գլուխ մուֆլոն, 40-50 ճագարներ և ջրլող թռչուններ:

3. Բոլորովին վերջերս տնօրենը դիսպետչերական ժողովի ժամանակ մեզ ներկայացրեց մի թուղթ, որի վրա ներկայացված էին մեր անուն-ազգանունները և պարտադրեց ստորագրել այն: Ինչպես հետագայում պարզվեց՝ այդ թուղթը պետք է մաս կազմեր մի գրության, որով անտեղի հերյուրանքներ էին ուղղվում մեր նախկին աշխատակցուհուն, ով այս օրերին իր իրավունքներն է պաշտպանում դատարանում:

4. Կեղծ տեղեկություններ է տարածում կենդանիների համալրման վերաբերյալ` ընձուղտներ, փղեր և այլն:

5. Վերջապես, ո՞ւր են այն խոստացված միլիոնները, ո՞ւր են այն ներդրումները, որոնք խոստացվել էր երկու տարվա ընթացքում Կենդանաբանական այգին դարձնել եվրոպական չափանիշներին համապատասխան:

Չենք ցանկանում ծանրաբեռնել նամակը այն բոլոր մանրամասնություններով, որոնք Դուք՝ որպես քաղաքապետ պետք է տեղեկացված լինեիք թեկուզ մամուլից: Ուղղակի դիմում ենք Ձեզ՝ դարձյալ հույս հայտնելով վերջ դնել այս կործանարար երևույթը Կենդանաբանական այգում` օր առաջ հեռացնել այս թյուրիմացությանը՝ մասնագետ, բանիմաց, աշխատանքային փորձ ունեցող նոր տնօրեն նշանակել, ով ի զորու կլինի մարդկանց աշխատանքը գնահատել և ամենակարևորը՝ այգու աշխատանքը հասկանալ և լուծումներ տալ այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են այգում:

Հարգանքով` Կենդանաբանական այգու նվիրյալ աշխատակիցներ»:

Այս խորագրի վերջին նյութերը