Լրահոս

21.01.2013 15:24


Անկարայում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորումը

Անկարայում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորումը

2013թ. հունվարի 19-ին Անկարայում տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորում, որը կազմակերպվել էր «Մարդու Իրավունքների Միության» Անկարայի կենտրոնի, «Մտքի Ազատություն Նախաձեռնության»  եւ տեղական այլ հասարակական կազմակերպությունների կողմից։ 

Թուրքիայի ականավոր մտավորականների մասնակցությամբ ֆորումի աշխատանքներին հրավիրվել էին նաև «Արեւմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Կարեն Միքայելյանը (ԱԱՀ փոխնախագահ) և Սևակ Արծրունին (ԱԱՀ Խորհրդի անդամ, Թուրքիայի աշխատանքային խմբի համակարգող)։

Կարեն Միքայելյանն իր բացման խոսքում ողջունեց ֆորումի աշխատանքները եւ ներկայացրեց Արեւմտահայոց Ազգային Համագումարի նպատակներն ու ծրագրերը:

Տպավորիչ ելույթներով հանդես եկան հանրաճանաչ մտավորականներ Իսմայել Պեշիկչին, Սաիդ Չեթինօղլուն, Ֆիքրեթ Բաշքայան եւ Բասքին Օրանը:

Իսմայել Պեշիկչին, ով Հրանտ Դինքի գնահատմամբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության խնդրի առաջին հրապարակայնորեն բարձրաձայնողն է եղել,  մասնավորապես հայտարարեց, որ Թուրքիայում հայության եւ մյուս ժողովուրդների վերացմամբ բնաջնջվեց հազարամյա Մերձավոր Արեւելքը, եւ որ այս պատմական անկյունադարձային փաստը հարկավոր է հետազոտել եւ գնահատել:

Սաիդ Չեթինօղլուն կոչ ուղղեց Թուրքիայի մտավորականներին եւ հանրությանը հետազոտել եւ գնահատել նախնիների դերակատարությունից առաջ եկած սեփական պատասխանատվության չափը Հայոց ցեղասպանության եւ հայ ու մնացած ոչ իսլամ փոքրամասնությունների նկատմամբ իրականացված կողոպուտի հարցում: Պրն Չեթինօղլուն նաեւ հայտարարեց, որ 1915 թվականի դեպքերը հարկավոր է ճիշտ գնահատել, քանի որ իր կարծիքով ժամանակակից Թուրքիան ստեղծվել է հենց 1915 թվականին:

Բասքին Օրանը իր ելույթում առաջարկեց ներկաներին գիտակցելու, որ 1915-ից հետո ծնված լինելու արդարացումը իսկապես չի գործում, ինչպես նաեւ շեշտեց համատեղ ապագա կերտելու անհրաժեշտությունը:

Սևակ Արծրունին, խոսքն ուղղելով Թուրքիայի ազատատենչ մտավորականներին, հիմնականում շեշտը դրեց Հայոց ցեղասպանության պատճառած վնասների եւ հայության իրավունքների վերականգնման ծրագրերի անհրաժեշտության վրա:

Ելույթ ունեցավ նաև ԱՄՆ-ից ժամանած «Արմինիան Վիքլի»-ի խմբագիր Խաչիկ Մուրադյանը: 

Ֆորումի մասնակիցների վրա մեծ տպավորություն գործեցին «Մարդու Իրավունքների Միության» Ստամբուլի գրասենյակի անդամ Հրանդ Գասպարեանի և ակտիվիստ Թայֆուն Իշչիի ելույթները:  Հրանդ Գասպարեանը խոսեց Թուրքիայում հայ լիենլու առ այսօր դժվարագույն իրողության մասին:  Թայֆուն Իշչին ներկաներին հարց ուղղեց Թուրքիայի բնակչության ինքնության մասին եւ հայտարարեց, որ ինքն էլ «հայ ժողովրդի զավակների կողոպտված գույքից» մի օրինակ է, քանի որ հայրը առեւանգվել եւ իսլամացվել է իր ընտանիքը կոտորած մարդկանց կողմից:

Ֆորումի ավարտից հետո բոլոր ներկաները մասնակցեցին դեպի Անկարայի «Հաղթանակ»-ի հրապարակ երթին՝ Թուրքիայի պետությունից պահանջելով Հրանտ Դինքի սպանության գործով ճշմարտության անհապաղ բացահայտումը:

Արևմտահայոց Ազգային Համագումար

Այս խորագրի վերջին նյութերը